Մեկնաբանություն

20.10.2013 20:00


Տարոն Մարգարյանը մաքրի, Սերժ Սարգսյանը հավաքի

Տարոն Մարգարյանը մաքրի, Սերժ Սարգսյանը հավաքի

«Մեր ընկերությունը ձմռանը կարմիր գույնով գծանշված ավտոկայանատեղիներում ձյան մաքրման աշխատանքներ չի իրականացնելու, քանի որ դրանով պետք է զբաղվի Երևանի քաղաքապետարանը»,– «tert.am»-–ի հետ զրույցում նշել է «Փարքինգ սիթի սերվիզ» կազմակերպության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ «Փարքինգ սիթի սերվիզն» այն մասնավոր ընկերությունն է, որը մի քանի կիլոգրամ կարմիր ներկ քսելով մայրաքաղաքի կենտրոնում փռած ասֆալտի վրա և մի քանի տեսախցիկ տեղադրելով կարմիրով ներկված հատվածներում՝ ավտովարորդներից փող հավաքելու թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից՝ դիմացը չմատուցելով ոչ մի ծառայություն։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ առանց Բաղրամյան 26–ի միջամտության, որոշել է այդ գերշահութաբեր բիզնեսը հանձնել Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող մարդկանց՝ համաձայնելով շահութաբաժնի 70/30 հարաբերակցությանը հօգուտ «Փարքինգ սիթի սերվիզի» և զուգահեռաբար հայտարարելով, որ ուղևորափոխադրումների գինը պետք է բարձրանա, քանզի քաղաքապետարանը դոտացիայի փող չունի, իսկ գծատերերն էլ չեն ուզում վնասով աշխատել։

Տարոն Մարգարյանը օդից, ավելի ճիշտ՝ ասֆալտից փող բերող բիզնեսը կասկածելի և մայրաքաղաքի բնակիչներից շահերից չբխող գործարքի միջոցով տալիս է իր կուսղեկավարի ընկերներին, իսկ ահա քաղաքացիներին ուզում է ստիպել, որպեսզի ավելի թանկ գին վճարեն երթուղային տաքսիներից, ավտոբուսներից ու տրոլեյբուսներից օգտվելու համար։

Փաստորեն, երբ Սերժ Սարգսյանը քաղաքապետ էր նշանակում «Տարոն ջանին» և հույս հայտնում, որ նա ճիշտ կպահի իրեն, նկատի ուներ նախագահականից իջեցրած հրահանգներին հլու–հնազանդ կամակատարի պես ենթարկվելու պատրաստակամությունը։

Տարոնն այդ առումով լիովին արդարացրել է Սերժի հույսերը, քանզի անհրաժեշտության դեպքում ինքնանվաստանում է և քոթեկի տղայի դեր կատարում ՀՀԿ ղեկավարի համար։ Բացի այդ՝ բարեհաճ է գտնվում Սերժ Սարգսյանի բիզնես շրջապատը ներկայացնող մարդկանց նկատմամբ։

Այս ամենը հաշվի առնելով՝ բնական է, որ «Փարքինգ սիթի սերվիզի» ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենց կազմակերպությունը ձյուն մաքրելու հետ գործ չունի, քանզի դա Տարոնի ֆունկցիան է։ Եվ ճիշտ էլ անում է, որ նման բան է հայտարարում։ Բա Տարոնին ինչի՞ համար են քաղաքապետ նշանակել։ Հո՞ նրա սիրուն աչքերի համա՞ր չէին Սերժի հրահանգով տոկոս «խփում»։

Տարոն Մարգարյանը համաձայնել է խամաճիկի ֆունկցիա կատարել՝ քաղաքապետի աթոռին նստելու դիմաց։ Եվ ուրեմն թող բարի լինի ու մաքրի կարմիր գծանշումով ասֆալտապատ տարածքները, որպեսզի «Փարքինգ սիթի սերվիզը» կարողանա ապահովել 70/30 հարաբերակցությունը։

Այլ կերպ ասած՝ Տարոն Մարգարյանը պետք է մաքրի կարմիր կետագծերի վրա իջաց ձյունը, իսկ Սերժ Սարգսյանը «Փարքինգ սիթի սերվիզի» միջոցով հավաքի փողոցում թափված փողը։

Ավելի լավ Երևանը հենց այսպես է շինվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը