Լրահոս

21.10.2013 16:02


Շրջիկ ցուցահանդես սահմանամերձ Մոսեսգեղում

Շրջիկ ցուցահանդես սահմանամերձ Մոսեսգեղում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ, սահմանամերձ Մոսեսգեղում բացվել է «Տավուշը` Տավուշցիների աչքերով» շրջիկ ցուցահանդեսը: Գյուղի նորաբաց Ս. Աստվածածին եկեղեցու հրապարակում ներկայացված աշխատանքներին հնարավորություն են ունեցան ծանոթանալու ոչ միայն տեղացիներն, այլեւ` ՌԴ-ից ժամանած մի խումբ գիտնականներ: Ներկայացվել են նաեւ տեղացի գեղանկարիչներ

Անուշ Մելիքյանի, Ռոմեո Մելիքյանի, Միշա Հովհաննիսյանի, Արտակ Ադամյանի շուրջ քառասուն աշխատանքները: Նախաձեռնությունը նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70- ամյակին:

Ցուցահանդեսի բացումը սահմանամերձ գյուղում տպավորիչ էր տեղացիների, նաեւ` հյուրերի համար: Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովն իր խոսքում մասնավորապես նշեց. « Խորությամբ ուսումնասիրելով հայ ժողովրդի պատմության անցյալը, վկան լինելով նաեւ ժամանակակից շատ անցքերի, հպարտությամբ կարող եմ ասել, որ հինավուրց այս ժողովրդի հերոսական անցյալն ու ներկան շատ բարձր ճաշակով արտահայտված են նրա բազմադարյան ճարտարապետության, գեղարվեստի ու երաժշտության մեջ»։

Իրենց տպավորություններով կիսվեցին նաեւ գիտությունների դոկտորներ Աննա Վերեշչագինան, Սերգեյ Սամագան, Միխայիլ Մենդերեցկին: Նրանց կարծիքով` գեղանկարիչների աշխատանքները հայրենի բնության ու մարդկանց իսկական թարգմաններն են, իսկ կտավների վառ գույների համադրությունը միայն ամբողջացրել է այդ աշխատանքները:

Հյուրերը մոմ են վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում, եղել Մոսեսգեղի դպրոցում, այցելել 12-13 րդ դարերում կառուցված Վարագավանք վանական համալիրի տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը