Լրահոս

23.07.2009 18:58


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Ավարտվեցին 2008թ. փետրվարի 19-ի խայտառակ նախագահական ընտրությունների, դրան հաջորդած բողոքի խաղաղ ցույցերի եւ իշխանության կողմից մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպած բարբարոսական ջարդի ու արյունոտ սպանդի առիթով ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների գործերի դատական քննությունը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

ա) Շուրջ մեկուկես տարի վարչախմբի կողմից ընդդիմության եւ ողջ ժողովրդի դեմ բոլոր բնագավառներում վարվում է բացահայտ ու զանգվածային պետական ահաբեկչության քաղաքականություն։

բ) Երկրի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ կյանքը պաշտպանելու՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վրա դրված պարտականությունները կատարելու փոխարեն ապօրինի վարչախմբի ձեռքին վերածվել են բութ մի գործիքի։ Նրանց հիմնական գործառույթը դարձել է իշխանության քաղաքական պատվերների, ապօրինի հրահանգների կատարումը, կրիմինալ փողատերերի ու պաշտոնյաների բիզնեսի պաշտպանությունը, վերջիններիս կատարած ծանրագույն հանցանքների կոծկումն ու պարտակումը։

գ) Իրավապահ մարմինները եւ դատական համակարգը օրենքի պաշտպանից վերածվել են օրինախախտների, հակաօրինական գործողություններ իրականացնողների՝ որպես թիրախ ունենալով մասնավորապես քաղաքացիական կեցվածք ու դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացիներին։

Ոստիկանությունը ծանրաբեռնված է քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ իրականացնելու, ճանապարհները շրջափակելու եւ այլ ապօրինի միջոցներով մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքների, երթերի իրավունքները խոչընդոտելու գործով։ Միաժամանակ նրան արգելված է միջամտել իշխանության եւ կրիմինալ բիզնեսի ներկայացուցիչների կատարած հանցագործություններին։

Որպես անկախ մարմին մտահղացված Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազության ձեռքում վերածվել է ահաբեկումներով ու սուտ վկայություններ հայթայթելով կեղծ մեղադրանքներ թխող մի արտադրամասի, երիտասարդ քննիչներին այլասերող, նախաքննությունն ու քրեական դատավարությունը վարկաբեկող մի մարմնի։

Դատախազությունը դարձել է քաղաքական ընդդիմադիրների, նրանց ընտանիքների անդամների, հարազատների, նույնիսկ ընկերների նկատմամբ քրեական խարդավանքների նախագծման կոնստրուկտորական բյուրո։

Ազգային անվտանգության ծառայությունը, մի կողմ թողած պետական անվտանգության ապահովման իր հստակ սահմանված գործառույթները՝ լծվել է քաղաքական խուզարկուի ստորացուցիչ գործին։

Ամենաստորացված վիճակում են դատարանները։ Նրանք ոչ թե իշխանության երրորդ ճյուղ են ներկայացնում, ոչ միայն զրկված են անկախությունից, այլ դատապարտված են լինել բռնատիրական համակարգի վերջին մի պտուտակը՝ որոշումներ ու դատավճիռներ ընդունել միայնումիայն նախագահականից իջեցված ցուցումներով։ Վերջին մեկուկես տարում նրանց կայացրած հարյուրավոր դատավճիռները՝ զուրկ որեւէ իրավական հիմքից եւ նվազագույն ապացուցողական բազայից Հայաստանի պետականության ճակատին մնալու են որպես ամոթալի խարան։

դ) Հայաստանում չեն գործում Սահմանադրությունը եւ օրենքները, ուստիեւ խնդիրը ոչ թե օրենքների բարեփոխման, այլ օրենքների գործադրման ու կիրառման մեջ է, ինչը, սակայն անհարիր է իրավական առումով ապօրինի, բնույթով բռնատիրական իշխանության համար։ Իրավապահ մարմինների ու դատական համակարգի հետ շփվող կամ թեկուզ նրանց գործունեությունը կողքից դիտող ամեն մի քաղաքացի համակվում է անպաշտպանության, վտանգվածության, ցանկացած պահի ապօրինության ու ամենաթողության թիրախ դառնալու զգացումով, կորցնում հավատը պետության եւ պետականության հանդեպ, որպես փրկության ելք ավելի ու ավելի հակվում օր առաջ սեփական երկրից հեռանալու կործանարար մտքին ու որոշմանը։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատակիցներին՝ չհաշտվել ավազակապետական վարչախմբի կողմից իրենց պարտադրված նվաստացուցիչ վիճակին։ Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն շարունակելու ենք պայքարը ապօրինի ու ազգադավ իշխանություններից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ իրավապահ մարմիններին եւ դատական համակարգին վերադարձվելու է իրենց արժանապատիվ դիրքը եւ դերը։

Այս խորագրի վերջին նյութերը