Լրահոս

24.11.2010 19:21


«Այսօր մեր երկիրը կանգնած է բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին»

Նոյեմբերի 19-ից 20-ը Լիսաբոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների  գագաթաժողովը, որին նաև մասնակցել են Հյուսիսանտլանտյան դաշինքի գործընկեր պետությունների ղեկավարները: Գագաթնաժողովի արդյուքներով  ընդունված եզրափակիչ հռչակագիրը դրույթներ է  պարունակում հետխորհրդային տարածքի հակամարտությունների' մասնավորապես նաև ԼՂՀ հակամարտության վերաբերյալ:

Հռչակագրի 35-րդ կետում ասված է. «Եվրաատլանտյան տարածաշրջանում  խաղաղության մեր տեսլականի  համաձայն' Հարավային Կովկասում և Մոլդովայի հանրապետությունում ձգձգված  հակամարտությունները դաշինքի համար նախկինի պես լուրջ մտահոգությունների առարկա են: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական մասնակցություն ու ամուր քաղաքական կամք ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչպես նաև հարգել առկա բանակցային ձևաչափերը:  Կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Կրկին մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև կշարունակենք սատարել այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին' հաշվի առնելով նշված սկզբունքները»:

Գագաթաժողովին նախատեսված էր նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի մասնակցությունը, սակայն ՀՀ նախագահը հաշվի առնելով մտահոգությունը, որ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովի հռչակագրում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն  մեկին, վատ ազդակ կարող էր դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, որոշում էր կայացրել չմասնակցել գագաթաժողովին:

«Ղարաբաղի  պատերազմի վետերաններ»  հասարակական կազմակերպությունը ուշադիր հետևում է  ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին: Ողջունելով լիսաբոնյան գագաթաժողովին չմասնակցելու ՀՀ նախագահի որոշումը, սթափ գնահատելով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը' հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարության ֆոնի վրա, գագաթաժողովից հետո հնչող հայտարարություններին, մեկնաբանություններին և տեսակետներին, հայտարարում ենք.

ՀՀ նախագահի որոշումը համարժեք գնահատական էր ՆԱՏՕ-ի դրսևորած միակողմանիությանը: Գագաթաժողովում  ընդունված հռչակագրում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներրից միայն մեկին. Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման պարագայում առաջնությունը տրվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին:

Մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների կատարման երաշխավորման անհրաժեշտության  մասին' ԼՂՀ անկախության ճանաչում, անվտանգության երաշխավորում, ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև սահմանների  ապահովում, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի պահպանում: ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքերի մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների' ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները. հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, պետք է ապահովվեն ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

ՆԱՏՕ-ն բազմիցս' նաև Լիսաբոնում հայտարարել է, որ Դաշինքը  ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավված չէ. կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ձևաչափում է:  Եվ Լիսաբոն չմեկնելու ՀՀ նախագահի որոշումը հստակ ուղերձ էր Ադրբեջանին ու համաշխարհային հանրությանը, որ ընդհանրացված ձևակերպումները և միայն տարածքային ամբողջականության մասին խոսելը կիրառելի չէ ղարաբաղյան հակամարտության  կարգավորման գործընթացում և դրական ոչ մի արդյունք չի կարող բերել:

Այսօր մեր երկիրը, հայ ժողովուրդը կանգնած են բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. խոսվում է դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության մասին: Եվս մեկ անգամ հայտնելով մեր աջակցությունը ՀՀ նախագահին, Զինված Ուժերին, «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել, կրկին' ինչպես 1996-ին' ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում, կօգտվի «վետոյի» իր իրավունքից և Աստանայում չի ստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի համապատասխանի հայկական կողմի որդեգրած' խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներին:

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը