Մեկնաբանություն

22.10.2013 17:00


«Գլխից բռնելու» մշակույթը քաղաքականությունն է

«Գլխից բռնելու» մշակույթը  քաղաքականությունն է

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրելն ինքնին հերոսություն է:

Փաստ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հայաստանցին միայն տուժել է, և շարունակում է է՛լ ավելի տուժել: Անգամ ամենալավատես մարդը, օբյեկտիվ գնահատման դեպքում, չի կարող նշել որևէ դրական փոփոխություն, որը տեղի է ունեցել ազատիչյան ռեժիմի օրոք, և ինչը կստիպեր ՀՀ քաղաքացիներին չդժգոհել:

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ տարեցտարի հայաստանցու կյանքը ավելի է դժվարանում թե՛ գյուղում, թե՛ քաղաքում:

Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ քաղաքացու միջոցները հերիքեն միայն երկրից հեռանալու կամ գոյություն պահպանելու համար, ոչ ավելին, այսինքն՝ քաղաքացին վերածվի լյումպենի, ում ոչինչ չի հետաքրքրում՝ բացի օրվա հացից:

Սակայն վերջին քաղաքացիական ակտիվ բողոքները եկան ապացուցելու հակառակը, որ, ի հեճուկս Ազատիչի, ՀՀ քաղաքացին ունակ է ձևակերպել պահանջներ և պայքարել նրանց համար: 2008թ. հետընտրական դեպքերից հետո հայաստանցին որակական նոր փուլ մտավ, սկսեց պայքարել իր իրավունքների համար՝ չվախենալով անգամ բանտարկություններից ու այլևայլ զրկանքներից:

Բայց քաղաքացիների ընդվզումը կարող է էական արդյունք տալ միայն համակարգային հարցերի շուրջ լայն կոնսոլիդացիայի և համակարգված քաղաքական պայքարի դեպքում: Այլապես, եթե անգամ բարձրաձայնված մեկ խնդիրը լուծվում է, ապա միայն ժամանակավորապես կամ մեկ այլ բանի հաշվին, ինչի արդյունքում, մեծ հաշվով, երկրում ոչինչ չի փոխվում:

Հայաստանում իրոք ձևավորվել է բողոքելու, սահմանադրական եղանակով քաղաքացիական պայքար վարելու մշակույթ, որն այս ռեժիմին ընդդիմանալու արդյունք է:

Սերժ Սարգսյանը չէր հաշվարկել, որ եթե անգամ իր հրամանով է սկսվում որևէ իմիտացիոն, կեղծ ընդդիմադիր գործընթաց, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այն առողջանում է, և սկսում դուրս գալ Բաղրամյան 26-ի վերահսկողությունից:

Ազատիչի վարած արտաքին քաղաքականության վերջնական տապալումը, իշխանության ներսում առկա գզվռտոցները, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը... Այս բոլորն իրենց մեջ ներառում են տասնյակ մեծ և փոքր խնդիրներ, որոնք կարելի է առանձին-առանձին բարձրաձայնել: Սակայն այդ կերպ հնարավոր չի լինի լուծել Հայաստանի հիմնական խնդիրը` օրինական իշխանության ձևավորումը և հետընթացի կասեցումը։

Ուստի, ինչպես նման դեպքերում շատ դիպուկ արտահայտվում է Սերժ Սարգսյանը, պետք է «գլխից բռնել մեծերին», իսկ «գլխից բռնելու» մշակույթը, ինչպես հայտնի է` քաղաքականությունն է, հետևաբար, պետք է բոլոր հարցերը բարձրացնել քաղաքական մակարդակի և դնել հստակ քաղաքական պահանջ, այն է` Սերժ Սարգսյանի հրաժարականի և քաղաքական փոփոխությունների պահանջը:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը