Լրահոս

22.10.2013 20:05


Լևոն Զուրաբյան. «Սկսել են հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների համար»

Լևոն Զուրաբյան. «Սկսել են հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների համար»

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունն ԱԺ-ում.

«Հայաստանի իշխանությունները 1990-ներին հասան նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես հակամարտության կողմ եւ բանակցությունների կողմ , այնուհետեւ նաեւ պարտադրեց Ադրբեջանին համաձայնել հակամարտության այնպիսի լուծման հետ, որում պահպանվում էր հայկական ուժերի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ նրան կապող շրջանների նկատմամբ, եւ վերացվում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, միեւնույն ժամանակ ամրագրելով ինքնորոշման սկզբունքը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման գործընթացում:

Ներկայիս իշխող քաղաքական ուժը մերժեց խաղաղության ծրագիրը՝ խոստանալով ավելի նպաստավոր լուծումներ, սակայն ռազմավարական ծանր սխալներ գործեց՝ տապալելով ձեռք բերվածը:

Քի-Վեստյան արկածախնդրության հետեւանքով Լեռնային Ղարաբաղը կորցրեց հակամարտության եւ բանակցությունների կողմի կարգավիճակը, նույն ժամանակաշրջանում տապալվեց Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումով Թուրքիայի վրա ճնշումներ կիրառելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու ծրագիրը, ինչը, այդ քաղաքականության հեղինակների կարծիքով՝ պետք է ապահովեր Ղարաբաղի հարցում մանեւրելու հնարավորությունները:

Ավելի անփառունակ ավարտ ունեցավ ցեղասպանության ուրացման գնով Թուրքիայի սահմանը բացելուն ուղղված՝ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը, որի միակ հետեւանքը եղավ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը:
Ձախողվեց նաեւ Եվրոասոցացման գործընթացը, ինչի պատճառով խախտվեց Տեր-Պետրոսյանի հիմնած հավասարակշռության ռազմավարությունը, որը նույնպես կոչված էր պահպանելու Ղարաբաղյան խնդրում մանեւրելու հնարավորությունները:
Այս ընթացքում վատնված ժամանակը իշխանությունների կոռումպացվածության պատճառով չօգտագործվեց Հայաստանի զարգացման նպատակով, ինչի հետեւանքով այսօր ոչ թե հայկական կողմն է խոսում ուժեղ դիքերից, ինչպես 1997-ին էր, այլ Ադրբեջանը, որին հաջողվել է նավթային հարստության շնորհիվ շրջել ռազմաքաղաքական բալանսը:
Արդյունքում՝ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում, կորցրել են խնդրի հայանպաստ կարգավորման որեւէ հեռանկար եւ սկսել են Հայաստանի եւ Լեռանային Ղարաբաղի հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների: Նման ջանքերի ամենավառ ապացույցն է վերջերս իշխանական քարոզչամեքենայի՝ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու՝ Զորի Բալայանի լացակումած եւ պարտվողական նամակի ակտիվ փառաբանումը, որը վկայում է այն մասին, որ վերջինս դարձել է իշխող ռեժիմի ոչ-պաշտոնական խոսափողը: Այն ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցում սեփական պարտությունը արձանագրելով հանդերձ՝ իշխանությունները ոչ թե պատրաստվում են հրաժարական տալ եւ թույլ տալ առողջ քաղաքական ուժերին շտկել իրավիճակը, ինչպես կվարվեր պետական մտածողություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ, այլ Ղարաբաղը հանձնելու գնով պահապանել սեփական իշխանությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը