Մեկնաբանություն

23.10.2013 12:50


Ազատիչը նախաձեռնում է, իսկ Գայկովիչը՝ «լացացնում»

Ազատիչը նախաձեռնում է, իսկ Գայկովիչը՝ «լացացնում»

Պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել։

Շատերս ներքին հույս էինք փայփայում, որ Զորի Գայկովիչի նամակն՝ ուղղված Վլադիմիր Վլադիմիրովիչին, ընդամենը սովետական կայսրության փլատակների տակ մնացած կոմերսանտ–«մտավորականի» ծերունական մարազմի դրսևորումներից է։

Հույս կար նաև, որ Բալայանը, փորձելով կատարել Սերժ Ազատիչի՝ Կրեմլին քծնելու պատվերը, պարզապես «պերեբառշիտ» է արել՝ Հայաստանն ու Ղարաբաղը դնելով Պուտինի ոտքերի տակ։ Սակայն, ավա՜ղ։

Գայկովիչի նամակը Սերժ Սարգսյանի հերթական նախաձեռնողականությունն է։ Զորին ընդամենը թղթին է հանձնել պետության արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, ըստ որի՝ Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանինն է, քանզի 200 տարի առաջ Գյուլիստանում արդեն ամեն ինչ որոշվել է։

Իսկ այն, որ Զորիի գրածը Բաղրամյան 26–ի հովանու տակ է գրվել, հուշում է նաև Սերժ Սարգսյանի թիմակից Հայկ Քոթանջյանի՝ Գայկովիչի նամակը «քսերոքս» անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարներին հանձնելու մասին հայտարարությունը։

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Քոթանջյանը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր–պետն է։ Նա դեռևս Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակներից է ուժային այդ կառույցում ու համարվում է ազգային անվտանգության հարցերով իշխանական վերնախավի հիմնական խորհրդատուներից։ Դատելով Զորիի նամակից՝ կարելի է արդեն պատկերացում կազմել, թե ազգային անվտանգության հարցերում ինչպիսի «քյարթու» մակարդակ ունեն ինչպես իշխանությունները, այնպես էլ նրանց դոկտոր–խորհրդատուները։

Եվ այսպես, Պուտինին «լացացնելուց» հետո Սերժ Սարգսյանն ու իր թիմը որոշել են իրենց «քաղաքական մտքի» արտադրանք լավաշ–նամակը թարգմանել ու փոխանցել Օբամային և Օլանդին։

Մեր կողմից նկատենք, որ կարելի էր ավելի «կրեատիվ» ու դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերել և ամեն մի նախագահին յուրովի քծնելու տարբերակ ընտրել։

Օրինակ՝ Օբամային կարելի էր գրել, որ չկա Ղարաբաղի հարց, այլ կա ԱՄՆ–ի հարց, և Միացյալ Նահանգների նախագահին հիշեցնել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին այնպես, ինչպես Գայկովիչը գեղցու շուստրիությամբ և սովետական մնացուկի անարժանապատվությամբ Պուտինին էր «թասիբի» գցում՝ հիշեցնելով Ալեքսանդրի մասին։

Դե, իսկ Ֆրանսիայի նախագահ Օլանդին կարելի էր շշպռել Սևրի պայմանագիրը հիշեցնելով։

«Չկա Ղարաբաղի հարց, կա Եվրոպայի հարց»,– կարող էր գրել Զորի Գայկովիչը, և խոսել պանթուրքիզմից Եվրոպան ու Հայաստանը փրկելու մասին։

Մի խոսքով, եռանախագահողներին «լացացնելու» հազար ու մի ձև կա, իսկ «Ազատիչ & co» կանտոռան ընտրել է «չերեզ» ռուսներ Հայաստանը աճուրդի հանելու տարբերակը։ «Ստեղծագործական» մտքի ինչպիսի՜ պակաս։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ռոբերտ Քոչարյանը սխալվեց Սերժ Սարգսյանի հարցում, և ահա թե ինչու։

Մի առիթով անդրադառնալով Ազատիչի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը և պետական կառավարումը շախմատի խաղի վերածելուն՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել էր. «Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի՝ կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգևորել որևէ մեկին (բացի թագավորից)»։

Քոչարյանը ճիշտ բնութագրում էր տվել, բայց շատ ավելի բարձր կարծիքի է եղել Սերժ Ազատիչի մասին, քանզի վերջինս ոչ թե թագավորության կեսն է պատրաստ զիջել հանուն աթոռի, այլ ամբո՛ղջ թագավորությունը, միայն թե Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում գուբերնատորի կարգավիճակում մնալու հնարավորություն ունենա։ Համ էլ «ընտրական» գլխացավանքից կպրծնի, քանզի ՌԴ–ում գուբերնատորները նշանակովի են։

Այս խորագրի վերջին նյութերը