Լրահոս

24.07.2009 13:32


Գալուստ Սահակյան. «Որևէ հայ մարդ չի կարող իր տարածքները զիջել»

 

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք դրական են համարում այն, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման շրջանակներում։ «Որպես դիվանագիտական առաջընթաց են համարում փաստաթուղթը։ Սակայն մինչև Ղարաբաղի հարցը հայանպաստ լուծում չստանա, ինչպես որ ուզում ենք մենք և մեր ժողովուրդը, բնականաբար, մեզ համար այդ փաստաթուղթը մեծ կարևորություն չի կարող ներկայացնել։ Առաջին խնդիրը ԼՂ կարգավիճակի հարցն է։ Բնականաբար, մնացած բոլոր խնդիրների լուծումը կախված է այդ կարգավիճակից։ Դրա համար էլ միշտ պնդում ենք, որ Ղարաբաղը երբևիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իսկ դրանից հետո թե էլ ինչ հողեր կգրավենք կամ կազատագրենք մեր հայրենիքը՝ դա մեր պարծանքն է։ Համամիտ եմ, որ Արևմտյան Հայաստանն էլ լինի մերը, բայց ոնց որ հիմա դրա ժամանակ չէ»,-ասել է ՀՀԿ փոխնախագահը։

Անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակի խնդրին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Նախ լուծենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հետո խոսենք, թե ո՞րն է ազատագրված, ո՞րն է գրավյալ։ Այսինքն, մինչև գլխավոր սկզբունքը չի դրվում խնդիրների լուծման մեջ, մնացածներն այս պահին ածանցյալ են։ Եթե մենք ընկնենք այն գործընթացի մեջ, թե մենք ի՛նչ ենք տալու, ի՛նչ ենք վերցնելու՝ գլխավոր միտքը կաղավաղենք»։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ երկրորդ դրական քայլը կլինի այն, որ ԼՂ ներկայացուցիչները մասնակցեն բանակցային գործընթացին։

«7 օր»-ի այն հարցին, թե դե՞մ չէ, թեկուզ ԼՂ կարգավիճակի դիմաց, ազատագրված տարածքների հանձնմանը, ԳաԼուստ Սահակյանը պատասխանեց. «Որևէ հայ մարդ չի կարող իր տարածքները զիջել։ Եթե ես սկսեմ բանախոսել դրա մասին, ապա պետք է մի կողմ դնեմ հիմնական գաղափարախոսությունը, որը Ղարաբաղի կարգավիճակն է»։

 

Այս խորագրի վերջին նյութերը