Մեկնաբանություն

24.10.2013 11:55


Տիգրան Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը (տեսանյութ)

Տիգրան Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը (տեսանյութ)

Պատասխանելով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցերին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ակամայից ինքնախոստովանական ցուցմունք տվեց (տե՛ս կից տեսանյութը)։

Զուրաբյանը հետաքրքրվել էր, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ Սերժ և Տիգրան Սարգսյանների մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ»–ն է առանց մրցույթի շահում պետական դոտացիայով դիզվառելիք մատակարարելու իրավունքը։

Տիգրան Սարգսյանի պատասխանը շատ անկեղծ էր։ Նա նշել է, որ պետական գնումներին առնչվող տենդերների հաղթողների ու բյուջետային միջոցներից շահողների 99 տոկոսն իր մերձավորներն են։ Հետո փորձել է բացատրել, թե ինչպես է այդպես ստացվել։

«Ես ի պաշտոնե շփվում եմ բոլոր ձեռնարկատերերի հետ, բազմաթիվ խորհուրդներ կան, և տասնյակ մարդկանց հետ ես շփվում եմ և ունեմ նորմալ հարաբերություններ։ Եվ կարելի է ասել, որ եթե նրանցից մեկը մասնակցում է մրցույթին ու հաղթում է, ապա դրա պատճառն այն է, որ նա վարչապետի մերձավորն է»,– նշել է վարչապետը՝ նկատելով, որ ճիշտ չի լինի ասել, որ եթե իր մերձավորներն են շահում տենդերները, ապա դա կոռուպցիա է։

Վարչապետը չի բացատրել, սակայն, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ միայն նրա հետ շփվող տասնյակներն են տենդերները շահում, իսկ մյուս ձեռնարկատերերը մշտապես պարտվում են տենդերներում կամ էլ չեն մասնակցում՝ քաջ գիտակցելով, որ, միևնույն է, Տիգրանի մերձավորներն են շահելու։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Տ. Սարգսյանը պաշտոնապես ընդունեց, որ պետական գնումների ոլորտում գրեթե 100 տոկոսով «դվիժենի» են անում իր մերձավորները։ Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնախոստովանական ցուցմունք։

Եթե հիշում եք, նախընտրական փուլում Սերժ Սարգսյանն էլ էր բողոքում և Տիգրանի վրա «մուննաթ» գալիս, որ տենդերները պաշտոնյաների բարեկամներն են շահում կրկնակի ավել գներով, իսկ բյուջետային միջոցները թալանվում են «ատկատների» միջոցով։ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ առաջարկեց խոշոր կոռուպցիոներներին բռնել գլխից, սակայն դա շոու էր։

Շոուն՝ շոու, բայց որևէ մեկը չհերքեց բյուջետային միջոցների թալանի փաստը, որի մասին խոսվել էր ամենաբարձր մակարդակով։

Ավելին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մանրամասն թվեր ներկայացրեց բյուջետային միջոցների մսխման մասին՝ ահազանգելով, որ բյուջեի 2/3–ը թալանի վտանգի տակ է։ Զաքարյանի խոսքերին հետևեց Սերժ Սարգսյանի զայրույթը։ ՀՀ նախագահի աթոռին հայտնված մարդը սահմանեց բացահայտվելիք թալանի չափը (200-300 միլիոն դրամ)՝ դրանով իսկ կանաչ լույս վառելով Տիգրան Սարգսյանի առջև և փաստացի հանձնարարելով շարունակել ընկերների ու բարեկամների միջոցով տենդերների կազմակերպումն ու «ատկատային» քաղաքականությունը։

Ահա այդ ամենի արդյունքում է, որ Տիգրան Սարգսյանը հիմա ցինիկաբար չի էլ թաքցնում, որ բյուջետային միջոցները բաժին են հասնում իր մերձավորներին։ Դա, ի դեպ, շատ կարևոր տեղեկություն է, և պետք է շնորհակալ լինել վարչապետից անկեղծության համար, քանզի իշխանափոխությունից հետո նրանից կարելի է մանրամասն ճշտել, թե ինչ պայմաններում և «ատկատային» ինչպիսի դրույքաչափերով են իր մերձավորները շահել տենդերներն ու օգտվել պետական բյուջեի դոտացիայից։ «Ֆլեշն» այդ շարքում, բնականաբար, առաջիններից է լինելու։

Դեպի Գյուլիստան տանող ճանապարհը շատ ծանր է լինելու։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Զուրաբյանը հարց էր ուղղել նաև օֆշորային թեմայով։ Տիգրան Սարգսյանը «սուխոյ ատկազի» տարբերակով է փորձել մաքրվել հարցից, ինչը հասկանալի է. հո չէ՞ր ընդունելու, որ իր մերձավորների հետ «քցել» է գործարար Փայլակ Հայրապետյանին։

Նկատենք, որ օֆշորային հարցն էլ մանրամասն դետալներով կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո։ Տիգրան Սարգսյանն ահագին բան կունենա պատմելու Գյուլիստանի քարքարոտ ճանապարհով քայլելիս։

Այս խորագրի վերջին նյութերը