Մեկնաբանություն

27.10.2013 00:20


Ռոբերտ Բաբկենիչը համ էլ լավ բեմադրիչ ու դերասան է

Ռոբերտ Բաբկենիչը համ էլ լավ բեմադրիչ ու դերասան է

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարը, որ անցավ մաժորային եւ մինորային ելեւեջումներով կամ տրամադրություններով՝ մեկնարկեց, բայց չավարտվեց:

Պարզվեց, միության գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, որի դեմ երկու ամիս «սուր էին ճոճում» նրա ընդդիմախոսները՝ այդ ընթացքում լրջորեն զբաղված էր համագումարի բեմադրական աշխատանքներով: Դե, մարդը լավ է ճանաչում իր դեմ ելած կոմպոզիտորներին, որոնց նա անցած օրերին անվանել էր «ապուշացած մարդիկ»:

Եվ ուրեմն՝ «ապուշացած մարդկանց» պետք է մինչեւ վերջ «ապուշացնել»:

Համագումարի վայր ընտրելով «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի դահլիճը, Ամիրխանյանը նախ որոշել էր համագումարն սկսել «կառավարական համերգով»: Ինչպես հայտնի է, Էդվարդ Թոփչյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնականում ելույթներ է ունենում կառավարական միջոցառումների ժամանակ:

Եվ ահա, միության համագումարն էլ սկսվեց այս նվագախմբի ելույթով, ինչն առաջին ազդանշանն էր, որ Ամիրխանյանի կողքին է իշխանությունը:

Միության գործող նախագահին սատարող հաջորդ քայլը համագումարին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձն էր եւ վերջինիս կողմից միության մի խումբ անդամներին կոչումներով եւ մեդալներով պարգեւատրելու «նախաձեռնողականությունը», ինչի մասին հայտարարվեց ՀՀ նախագահի աշխատակազմի տեղակալի կողմից:

Դե, իսկ հետո համագումարի անցուդարձը վերստին ապացուցեց, որ Ռոբերտ Բաբկենիչն իսկապես լավ բեմադրիչ է եւ նաեւ լավ դերասան:

Համագումարի նախագահությունում բազմել էին ալեհեր գլուխներով անվանի եւ ոչ այնքան հայտնի կոմպոզիտորներ, որոնց տարիքը 80-ի մոտ էր եւ նույնիսկ հասնում էր 90-ի, եւ տեսարանը հիշեցրեց պոլիտբյուրոյի նիստերը :

Ինչեւէ, Ամիրխանյանի «աքսակալները» լռեցրին ընդդիմախոսներին, որոնցից եւ ոչ ոք ամբիոնից ելույթ կամ հայտարարություն հնչեցնելու հնարավորություն չունեցավ: Թեպետ, կարծես թե, նրանք հակված էլ չէին հրապարակավ հնչեցնել այն մեղադրանքները, որոնք ակտիվորեն հնչեցնում էին անցած ամիսներին:

Եվ, փաստորեն, այն, ինչ պետք է ասերին ամբիոնից, իրենց այդ բողոքները ներկայացրեցին «անկյուններում»՝ հարցազրույցներ տալով այս կամ այն լրատվամիջոցին:

Դժգոհեցին, որ համագումարն անցնում է «խախտումներով», որ իրենց ընդամենը մեկ օր առաջ են ծանուցել համագումարի օրվա մասին, այն դեպքում, երբ ըստ կանոնադրության, պետք է տեղեկացված լինեին 14 օր առաջ: Բողոքեցին, որ Ամիրխանյանը համագումարից առաջ միությունը «լցրել» է նոր անդամներով, որ վերստուգիչ հանձնաժողովը իրավունք չունի հաշվետվություն ներկայացնել, քանի որ «լեգիտիմության» հարց կա եւ այլն:

Այնուհանդերձ, այդ հանձնաժողովը ներկայացրեց իր հաշվետվությունը, սակայն նախագահությունը թույլ չտվեց, որ հակաամիրխանյանական թեւի ներկայացուցիչների իրավաբանը հարցեր ուղղի զեկուցողին:

Թեեւ, նախապես Ամիրխանյանը հայտարարել էր թե մենք ուզում ենք ժողովրդին տալ հնարավորություն խոսել բոլոր ցավոտ հարցերի մասին, սակայն ըստ էության, միության խնդիրների եւ տիրող վիճակի եւ ընդհանրապես ստեղծագործական խնդիրների մասին ոչ մի ելույթ չհնչեց:

Ավելին՝ Ամիրխանյանն էլ իր ելույթն ունենալուց հետո լքեց դահլիճը: Այդպիսով, հնարավորություն չտալով իր ընդդիմախոսներին թեկուզ հարցեր ուղղել իրեն:

Իսկ նրա ելույթն հիմնականում «նվիրված» էր ընդդիմախոսներին, ավելի ճիշտ՝ իր հասցեին վերջիններիս հնչեցրած մեղադրանքներին ու քննադատություններին

Բնականաբար հերքեց տարածված «ստերն» ու մեղադրանքները կամ ինչպես Հրանտ Մաթեւոսյանը կասեր «բոլորին իրենց խոտին արեց» ու պրծավ:

Ի դեպ, Ամիրխանյանը նաեւ հայտարարեց, որ ամեն ամիս Սերժ Սարգսյանն իր միությանը մեկուկես միլիոն դրամ է տալիս, 30 միլիոն էլ տվել է Դիլիջանի ստեղծագործական տան վերանորոգման համար:

Այնպես, որ «պետք է տեսնել միության գործունեության լուսավոր կետերը»:

Նաեւ հերոսաբար հայտարարեց, որ Դիլիջանի ստեղծագործական տունը կոչելու է Էդվարդ Միրզոյանի անվամբ: Լսեցին ու ծափահարեցին: Ուղիղ մեկ տարի այս մասին խոսվում է, ընդդիմախոսները առաջարկել են ու քանիցս հրապարակավ դժգոհել, որ Ամիրխանյանը համառորեն չի ցանկանում, որ նման անվանակոչում լինի, բայց հիմա հարցը հնչեցրեց այնպես, որ կարծես՝ դա հենց իր նախաձեռնությունն է եւ հենց իր ցանկությունն է: Մի քանի սրտառուչ բաներ էլ ասեց՝ խոսելով բարությունից ու բարոյականությունից:

Նկատենք նաեւ, որ Ամիրխանյանը մի քանի անգամ թե բեմից եւ թե լրատվամիջոցների առջեւ հայտարարեց, թե ինքը չի ուզում դառնալ միության նախագահ: Սակայն հաջորդ պահին շեշտում էր՝ «եթե բոլորը չեն ուզում»:

Միաժամանակ, ակնարկելով, որ առանց իրեն միությունը կփլվի, քանի որ ոչ ոք չի կարող պահել այն, ոչ ոք չի կարող գտնել այն ֆինանսական միջոցները, ինչն իրեն հաջողվում է:

Այսիննք՝ ընտրել է մի մարտավարություն, որ դեռ մի բան էլ պետք է բոլորը խնդրեն, որ ինքը մնա:

Ինչեւէ, միության նախագահի ընտրությունը հետաձգեցին վաղվան, թեպետ, շատերի կարծիքով հնարավոր է վաղն էլ տեղի չունենան ընտրությունները: Իսկ թեկնածուները երկուսն են՝ միության գործող նախագահը եւ Արամ Սաթյանը:

Ակնհայտ էր մի բան, որ ամիրխանյանական բեմադրության մեջ նրա ընդդիմախոսները առավելապես հանդես եկան «մասովկայի» դերում կամ առավելագույնը՝ երկրորդական-երրորդական դերերում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը