Լրահոս

28.10.2013 11:09


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական հայտարարությունը (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական հայտարարությունը (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները:

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված է եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում: Մասնավորապես` ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար: Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, և վերջապես` ընտրությունները անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում:

Օլիմպիական կարևորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների, որպես հասարակական կառույցների անկախությունն է և գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը:

Խախտումների շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել, սակայն կարծում ենք այսքանն էլ բավարար է: Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են Միջազգային օլիմպիական կոմիտեի սկբունքներին և օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական ոլորտում: Մեզ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցկացված ընտրության հետ կապված: ՀԱՕԿ-ը, ցավ է ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող ենք ասել, որ որևէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:

Ուզում ենք ընդգծել՝ ՀԱՕԿ-ը չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է:

Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից:

Այս խորագրի վերջին նյութերը