Մեկնաբանություն

28.10.2013 12:20


Սերժ Սարգսյանին «փչացնում» են, իսկ Հայաստանին՝ նվաստացնում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանին «փչացնում» են, իսկ Հայաստանին՝ նվաստացնում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրեց իր վստահությունն Արևմուտքում և ինքնանվաստացման ենթարկվեց Կրեմլում։

Մինչ Բաղրամյան 26–ին կցված սազանդարները գովերգում են Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու գերիմաստուն որոշումը (նույն մարդիկ մինչև սեպտեմբերի 3–ը նույն ձևակերպումներով ծափահարում էին Սերժ Սարգսյանի՝ ԵՄ–ի հետ ասոցացման գնալու որոշմանը), պարզվեց, որ Մաքսային միությունում մեզ չեն սպասում։

Ճիշտ է, ռուսներն առայժմ «պասլատ» են անում Սերժ Սարգսյանին ադրբեջանական ազգանունով լրագրողի շուրթերով, բայց հեռու չէ այն օրը, երբ ՀՀ նախագահ ներկայացող մարդուն ամենաբարձր մակարդակով կասեն այն, ինչ ասում են լրագրողի միջոցով։

Սերժ Սարգսյանը Մինսկում պարտավորվել է ոչ մի քայլ կամ հայտարարություն չանել Մաքսային միության շահերի դեմ, թեև դեռ այդ միության լիիրավ մաս չի կազմում ՀՀ–ն։

Փոխարենը՝ Մաքսային միության մյուս անդամներն առանձին վերցրած և միությունն ինքը չեն պարտավորվել քայլ կամ հայտարարություններ չանել Հայաստանի շահերի դեմ։ Չեն պարտավորվել ու պարբերաբար հայտարարություններ և քայլեր են անում մեր շահերի դեմ։

Առիթ ունեցել ենք նշելու, որ Պուտինը խնդիր չէր դրել Հայաստանը Մաքսային միության անդամ դարձնելու։ Պուտինի խնդիրը ՀՀ–ն ԵՄ–ի հետ ասոցացումից հետ պահելն էր։

Սարգսյանն ինքն է գլխապատառ նետվել ՄՄ՝ փորձելով հանուն սեփական իշխանության պահպանման՝ դուր գալ ռուսներին։ Բայց ռուսներին դա պետք չէ, ինչպես որ պետք չէ Զորի Գայկովիչի նամակի միջոցով ուղարկված Բաղրամյան 26–ի առաջարկը՝ Ղարաբաղը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր գերքծնողական քաղաքականությամբ ուզում է մնալ Պուտինի «վրա»՝ այդպիսով փորձելով մնալ աթոռին։ Պուտինն էլ պարբերաբար «փչացնում» է նրան, քանզի «վրան» մնացածների հետ այլ կերպ չեն վարվում։ Պարզապես ցավալին այն է, որ զուգահեռաբար նվաստացման է ենթարկվում Հայաստանը։

Մեր երկիրն այժմ «իզգոյի» կարգավիճակ է ստացել ու մնացել Գյուլիստանի պայմանագրի տակ։ Սակայն այլընտրանք կա։

Այլընտրանքը Սերժ Սարգսյանից ու նրան շրջապատող փոքր խմբակից ազատվելն ու նոր իշխանություն ձևավորելն է։

Նոր իշխանություն ձևավորելն այն նվազագույն պայմանն է, որը հնարավորություն կտա նոր համակարգ ստեղծել երկրի ներսում և արժանապատիվ հարաբերություններ հաստատել երկրից դուրս։

Սերժ Սարգսյանն ամբողջությամբ սպառել է իրեն։ Դրա համար էլ Մինսկում քնել էր քննարկման ժամանակ (տե՛ս կից տեսանյութը)։ ՀՀԿ ղեկավարին այլ բան չի էլ մնում անել, քանզի նա մնացել է Գյուլիստանի հույսին ու Պուտինի «վրա»։ Նման իրավիճակում քնելն, իրոք, միակ լուծումն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը