Լրահոս

28.10.2013 22:25


Ինչպես տարբերել որակյալ կաթն անորակից

Ինչպես տարբերել որակյալ կաթն անորակից

Խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել տարայի ամբողջականությանը: Տարան չպետք է վնասված տեղեր ունենա՝ անկախ դրա պատրաստման հիմք հանդիսացող նյութից (պոլիմեր, ստվարաթուղթ և այլն):

Տարայի վրա պետք է չմաքրվող ներկով կամ հատուկ պիտակներով հայերեն լեզվով մակնշված լինի մթերքի անվանումը, ծավալը, յուղայնությունը, արտադրման ամսաթիվը և պահպանման ժամկետը, էներգետիկ արժեքը, տեղեկատվություն արտադրողի մասին, ինչպես նաև պահպանմանը վերաբերող ուղեցույց և նորմատիվ փաստաթղթերին վերաբերող տվյալներ:

Տնային պայմաններում պետք է առաջնային ուշադրություն դարձնել կաթի գույնին, հոտին, համին: Գույնը պետք է լինի մաքուր սպիտակ:

Կաթի կեղծման տարբերակներից մեկն այն օսլայով կեղծելն է. կաթում օսլա չպետք է լինի, սակայն արտադրողներն այն ավելացնում են՝ կաթի խտությունը պահպանելու համար: Օսլայի առկայությունը կարելի է ստուգել յոդի լուծույթով. եթե կաթի մեջ մեկ կաթիլ յոդ կաթեցնենք, և կաթիլի տեղում կաթը դեղնաշագանակագույն երանգ ստանա, ապա կաթում օսլայի հավելում չկա: Եթե կաթիլի տեղում կաթը կապտավուն երանգ ստանա, ապա դրանում առկա է օսլա:

Կաթի կեղծման մյուս դեպքն այն սոդայով կեղծելն է. սոդան ստամոքսի համար խիստ վնասակար է, սակայն արտադրողները սոդա ավելացնում են՝ կաթի թթվությունից խուսափելու և պահպանման ժամանակահատվածը երկարեցնելու համար: Սոդայի առկայությունը տնային պայմաններում կարելի է ստուգել լակմուսի թղթի միջոցով: Կաթի ջրածնային կոնցենտրացիան 6.7-7 pH է, որը չեզոք է համարվում: Լակմուսի թուղթը թաթախեք կաթի մեջ և ստացված գույնը համեմատեք թթվայնության չափը բնութագրող գունային սանդղակի ցուցանիշի հետ: Եթե գույնի ինդեքսը հավասար է չեզոք կաթի ցուցանիշին՝ 6.7-7 pH-ի, ապա կաթի թթվայնությունը նորմի սահմաններում է:

Հնարավոր են նաև դեպքեր, երբ կաթը նոսրացվում է ջրով: Տնային պայմաններում ֆիլտրաթղթի վրա կաթեցրեք մի կաթիլ կաթ և հետևեք չորանալուն: Որքան ավելի յուղային է կաթը և որքան ավելի քիչ է նոսրացված ջրով, այնքան կաթիլն ուշ է չորանում, և կաթիլի շուրջն առաջացած խոնավ շրջանը փոքր է:

Կաթի նոսրացումը ջրով կարելի է պարզել նաև գիպսի միջոցով: Սովորական գիպսի փոշին թրջեք կաթով և խառնեք: Եթե կաթը նորմալ է, ապա գիպսի շաղախը պետք է քարանա 10 ժամից ոչ շուտ: 10 ժամից որքան շուտ է քարանում շաղախը, այնքան կաթն ավելի շատ է նոսրացված ջրով:

Տան պայմաններում կաթը պետք է պահել փակ տարայում՝ +4օC ջերմաստիճանում:

www.snund.am

Այս խորագրի վերջին նյութերը