Լրահոս

29.10.2013 00:28


«Հայոց Համազգային Շարժում» ՀԿ հայտարարությունը

«Հայոց Համազգային Շարժում»  ՀԿ հայտարարությունը

2013թ.-ի հոկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն «Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարի մասին»։

Այդ կապակցությամբ «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպությունը («ՀՀՇ») հայտարարում է`

  1. 2013թ.-ի փետրվար – մարտ ամիսներին «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վերանվանման արդյունքում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ձևավորվելուց հետո, ՀՀՇ մի խումբ հիմնադիր անդամներ դիմեցին ՀԱԿ կուսակցությանը` որպես ՀՀՇ-ի իրավահաջորդի, ստանալով վերջինիս համաձայնությունը «Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպություն հիմնադրելու հարցում:
  2. «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ն (հապավումը` «ՀՀՇ») գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952): Որպես ՀՀՇ հ/կ-ի խորհրդանշան պետական գրանցում է ստացել նաև անվանափոխված ՀՀՇ կուսակցության` բոլորին հայտնի խորհրդանշանը («ՀՀՇ» հ/կ կանոնադրության հավելված 1):
  3. 2013թ.-ի հոտեմբերի 26-ին տեղի ունեցած այսպես կոչված Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարի` զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսա և ֆոտո նյութերից ակնհայտ է դառնում, որ խախտվել են «Կուսակցությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները, մասնավորապես.

ա) «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կուսակցության անվանումը և դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների ... անվանումներից և դրանց հապավումներից»: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը) ... պետք է ... տարբերվեն այլ կազմակերպության ... ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից) ... և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց»:

բ) «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Որպես կուսակցության խորհրդանշան և այլ խորհրդանիշներ չեն կարող օգտագործվել գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների ... խորհրդանշանները և խորհրդանիշները»: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Կազմակերպության ... խորհրդանիշները, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ... տարբերվեն այլ կազմակերպության ... ու այլ իրավաբանական անձանց ... խորհրդանիշներից և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց»:

Արձանագրում ենք, որ վերը հիշատակված 2013թ.-ի հոտեմբերի 26-ի համագումարի փաստաթղթերում օգտագործվել են «Հայոց Համազգային Շարժում» անվանումը, ՀՀՇ հապավումը և ՀՀՇ հ/կ-ին պատկանող խորհրդանշանը, ինչը «Կուսակցությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների կոպիտ խախտում է:

ՈՒստի, պետական գրանցում իրականացնող համապատասխան իրավասու մարմիններից պահանջում ենք հետևել օրենսդրության պահանջներին և թույլ չտալ ՀՀՇ հ/կ անվանման, անվան հապավման և խորհրդանշանի յուրացման փորձը:

Միևնույն ժամանակ, հիշեցնում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, որ բացի ՀՀՇ հ/կ-ից այլ կազմակերպությունների կողմից «Հայոց Համազգային Շարժում» անվամբ հանդես գալը, ինչպես նաև ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումը ինքնակոչության դրսևորում է: ՈՒստի խնդրում ենք ձեր հրապարակումներում և հաղորդագրություններում օրենքի խախտմամբ չօգտագործել «Հայոց Համազգային Շարժում» անվանումը, «ՀՀՇ» հապավումը և ՀՀՇ խորհրդանշանը:

«Հայոց Համազգային Շարժում» հ/կ

Նախագահ` Վ. Հայոցյան

Այս խորագրի վերջին նյութերը