Լրահոս

29.10.2013 12:12


ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, հայտում է դատախազության լրատվական ծառայությունը:

Դեսպան Ռեիսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Գևորգ Կոստանյանին` գլխավոր դատախազի պաշտոնում նշակակվելու կապակցությամբ: Մոհամմադ Ռեիսիին փոխանցել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի շնորհավորանքներն ու ԻԻՀ այցելելու հրավերը:

Դեսպանը, կարևորելով այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը, հույս է հայտնել, որ դրա արդյունավետ իրագործմանը կնպաստի նաև 2013թ. ապրիլին ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված «Փոխըմբռնման հուշագիրը»: Դեսպանը նշել է, որ Իրանի համար կարևորագույն խնդիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, չնայած, որ այդ ուղղությամբ իրավապահ մարմինները հսկայածավալ աշխատանք են տանում:

ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով ինչպես թմրանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ` հանցավորության դեմ պայքարն ընդհանրապես, ընդգծել է, որ թմրանիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն առավել արդյունավետ կդարձնի դրանց տարածման դեմ պայքարը: Այդ առումով լուրջ անելիքներ ունեն նաև մաքսային և սահմանապահ կառույցները` աշխատակիցների պատրաստվածության բարձր մակարդակ ապահովվելու տեսանկյունից:

ՀՀ գլխավոր դատախազը նաև նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի հետ առաջիկա հանդիպմանը կքննարկվեն համատեղ գործնական քայլերը, որոնց իրականացման դեպքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի:

Դեսպան Ռեիսին ՀՀ գլխավոր դատախազին շնորհակալություն է հայտնել` դատապարտյալների հանձնման գործում ցուցաբերած աջակցության համար:

«ՀՀ-ում յուրաքանչյուրի իրավունքը երաշխավորված է, հանցագործությունը` պատժելի. սա է ՀՀ գլխավոր դատախազության օրինականության և իրավահամակարգի ամրապնդման ուղղությամբ գործունեության նպատակը»,- հանդիպման ավարտին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը