Լրահոս

29.10.2013 14:22


Նաիրա Զոհրաբյան. «Արարատում մեզ համար կարեւորը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է»

Նաիրա Զոհրաբյան. «Արարատում մեզ համար կարեւորը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է»
«Zham.am»-ի զրուցակիցը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:
-Արարատում այսօր պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը: Ինչպես եք բնութագրում իրավիճակը մինչեւ քարոզարշավը սկսելը:
-Նախ ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ քարոզարշավն արդեն իսկ մեր թեկնածուի բազմաթիվ իրազեկումները Արարատ քաղաքի հրապարակում ընտրողների հետ կոնկրետ օրերին հանդիպումներ անցկացնելու համար, մերժվել են: Մերժվել են բացարձակ անհիմն պատճառաբանություններով եւ ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունների համար ընտրություններ կազմակերպողները կրեատիվի, երեւակայության լուրջ բացակայություն ունեն: Եթե որեւէ քաղաքական ուժի հանդիպումն ընտրողների հետ ցանկանում են խոչընդոտել, ապա միշտ նույն, հնամաշ պատճառաբանությունն են բերում, թե բոլոր այդ օրերին հրապարակը զբաղված է լինելու մշակութային կամ սպորտային այս կամ այն միջոցառմամբ: Օրինակ այսօր, քարոզարշավի առաջին օրը, այսպես կոչված «Միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ընդամենը ձայնագրիչով միացված է բարձր երաժշտություն եւ ողջ հրապարակում մեկ տատիկ հետեւում է այսպես կոչված «մշակութային միջոցառմանը»: Բայց դա մեզ բացարձակապես չի խոչընդոտելու, ես վստահ եմ, որ մեր թեկնածուն, նրա հետ նաեւ քարոզարշավին մասնակցող ԲՀԿ խմբակցության պատգամավորները, քաղխորհրդի անդամները ողջ այս օրերին կհանդիպեն արարատցիների հետ` նրանց ներկայացնելով մեր տեսակետները, մոտեցումները եւ թե ինչպես է մեր թեկնածուն պատկերացնում Արարատ քաղաքի ապագան: Արձանագրված խախտումների մասով հավելեմ, որ արդեն մեր ձեռքում է հանրապետական թեկնածուի նախընտրական բուկլետը, որտեղ առկա է ներդիր` Գրիգորյանների ընտանիքի կատարված բարեգործությունների վերաբերյալ: Հիշեցնեմ, որ «Գրիգորյանները» մարզպետի ընտանիքն է. սա օրենքի կոպտագույն խախտում է, երբ ընտրողներին բաժանվում է բուկլետ, որտեղ Գրիգորյանների կողմից կատարված բարեգործությունների մասին իրազեկող ներդիր է դրված: Արարատում գտնվող մեր գործընկերները այս մասին առաջիկա րոպեներինկահազանգեն, մեր կողմից համապատասխան արձագանք կլինի:
-Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական եւ ԲՀկ-ական թեկնածուները: Հնարավոր կլինի՞ այս ընտրություններում ԲՀԿ-ի շուրջ կոնսոլիդացնել մյուս քաղաքական ուժերին եւ ո՞ր քաղաքական ուժերն են աջակցում ԲՀԿ թեկնածուին:
-Մենք շնորհակալ ենք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս օրերին հայտնեցին իրենց քաղաքական աջակցության մասին: Եթե դուք հիշում եք ԲՀԿ-ն մշտապես խոսել է, շեշտել է առավել լայն քաղաքական կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին: Մեզ համար կա մեկ գերխնդիր, որպեսզի մեր երկրում անցկացվեն նորմալ եւ արդար ընտրություններ, կլինեն դրանք տեղական, համայնքային մակարդակով, թե կլինեն համապետական ընտրություններ: Մեզ համար հիմա Արարատում կարեւոր է, որ արարատցին հնարավորություն ունենա ազատ, անկաշկանդ, առանց ճնշումների, առանց վախի եւ առանց այլեւայլ ընտրական տեխնոլոգիաների գործուն միջամտության, ազատ կատարել իր ընտրությունը: Եվ մենք այս օրերին այնտեղ ենք լինելու` մեր թեկնածուի կողքին` ապահովելու համար արարատցիների ազատ եւ արդար ընտրության իրավունքը. սա մեզ համար ամենակարեւորն է, այլ խնդիր մենք չունենք, այլ խնդիր մենք մեր առջեւ չենք դրել:
-Ի՞նչ կանխատեսում ունեք ընտրության արդյունքների հետ կապված:
-Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում ընտրությունների ելքը, կարծում եմ, որեւէ մեկի համար կասկած չի հարուցում, բայց կրկնում եմ` մեր գերխնդիրը գոնե մեկ անգամ մեր երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է` կլինի դա տեղական, համայնքային մակարդակով, թե համապետական: Ի վերջո, եթե մենք ուզում ենք ունենալ այն երկիրը, ինչի մասին խոսում են բոլորը, մենք պիտի կարողանանք հարգել քաղաքացու քվեն` անկախ նրանից, թե այդ ընտրությունը տեղի է ունենում 100 հոգանոց գյուղական համայնքում, թե ասենք համապետական մասշտաբի ընտրության մասին է խոսվում:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը