Լրահոս

29.10.2013 15:13


ՀՀԿ-ական թեկնածուն քարոզչության առաջին օրը խախտումով է սկսել

ՀՀԿ-ական թեկնածուն քարոզչության առաջին օրը խախտումով է սկսել

Ինչպես արդեն արդեն տեղեկացրել ենք, այսօր Արարատում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը. Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված, «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը:
Քիչ առաջ zham.am-ը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանից տեղեկացավ, որ իրենց ձեռքին է ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետը, որում առկա է ոչ թեկնածուի կողմից կատարված բարեգործությունների մասին իրազեկող ներդիր:

«Զարմանք առաջացրեց այն հանգամանքը, որ բուկլետում առկա է մի ներդիր, որտեղ թվարկված են 2003-2013 թվականներին կատարված աշխատանքները: Անկեղծ ասած, սկզբում այդ աշխատանքները կարդալիս վերագրում էի թեկնածուին, եւ մի պահ միայն` վերնագիրը կարդալուց հետո տեսա, որ գրված է. «2003-13 թթ. ընկած ժամանակահատվածում Գրիգորյանների կողմից քաղաքում կատարված աշխատանքներ»: Այսպիսի վերտառություն ունի այդ ներդիրը, որը իհարկե օրենքի ակնհայտ խախտում է, քանի որ թեկնածուի բուկլետում տարածվում է ինֆորմացիա թեկնածուի հետ անմիջական որեւէ կապ չունեցող անձի կատարած աշխատանքների վերաբերյալ, ինչը թյուրիմացության մեջ է գցելու ընտրողներին: Բնականաբար, սա գնահատվում է որպես նախընտրական քարոզչության իրավական հիմքերի խախտումներ եւ կարծում եմ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է արձագանքի այսպիսի խախտումներին»,-նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն դիմել է համապատասխան մարմիններին, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին արդեն գործընթացը սկսվել է, ամեն դեպքում հանձնաժողովին այդ մասին տեղյակ պահվել է»:
Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը