Մեկնաբանություն

29.10.2013 23:39


Աբորտների դեմ կպայքարեն փուչիկներով

Աբորտների դեմ կպայքարեն փուչիկներով

ՀՀ նախագահի աշխատակազմը դարձյալ դրամաշնորհներ է հատկացրել հասարակական կազմակերպություններին:

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 19 կազմակերպություն: Անվանակարգերն այսպիսին են` «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում», «Գյուղացու առաջնահերթ խնդիրների հայտնաբերում, բարձրաձայնում, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում», «ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն», «ՙԾխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում» եւ այլն:

Ուշագրավն այն է, որ այս անգամ նախագահականը մի քանի հարյուր միլիոն գումարի չափով հատկացված դրամաշնորհների բաժանման գործը վստահել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որի ղեկավարը ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն է: Այսինքն՝ վերջինս է հասարակական կազմակերպություններին բաժանելու փողերը:

Կարելի է պատկերացնել, թե Կարեն Ավագյանի գլխավորությամբ ինչպիսի գործունեություն են ծավալելու ընտրված կազմակերպությունները: Հատկապես, նկատի առնելով անվանակարգերը, կարելի է նույնիսկ պնդել, որ չափազանց հաջող են ընթանալու աբորտների դեմ պայքարը (փուչիկներով) կամ ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցումը (փուչիկների վրա գրված կլինեն «Ծխելը վնասակար է»):

Դե, իսկ գյուղական համայնքների բնակչության հետաքրքրությունները բավարարելու փորձ արդեն կա: Կարեն Ավագյանը կվերապատրաստվի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ, կյուրացնի վերջինիս կուտակած մեծ փորձը՝ կովերի պտուկների լվացման վերաբերյալ, ու այդ ամենը կփոխանցի իր կողմից համակարգվող կազմակերպություններին:

Պարզ է, որ այդ կազմակերպությունների մեծ մասը պատկանելու է հենց իրեն՝ Կարեն Ավագյանին եւ երիտհանրապետականներին, որոնք պալատի նվիրած փողերը մեջ-մեջ են անելու կամ այլ կերպ ասած՝ «ատկատ»։

Այդպիսի «դրամաշնորհային գործունեություն» մենք արդեն տեսել ենք, երբ նույն նախագահականը 2010-2012 թվականներին 500 միլիոն դրամ հատկացրեց 31 հասարակական կազմակերպությունների, որոնք պետք է պայքարեին ծխելու դեմ, նաեւ իրավապաշտպանական գործունեություն պետք է ծավալեին: Այնինչ, հետագայում պարզվեց, որ այդպիսի կազմակերպություններ բնության մեջ գոյություն չունեն, նշված հասցեներում նման կազմակերպություններ երբեք չեն եղել:

Այն ժամանակ էլ նախագահականի կողմից հատկացված 500 միլիոնը վստահվել էր «ՄԻԱԿ»-ի ղեկավար Լեւոն Մարիտիրոսյանին, նա էր փողերը բաժանողը: Իսկ կազմակերպությունների մեծ մասն էլ պատկանում էր իրեն ու իր ընկեր-բարեկամներին:

Մի խոսքով, 500 միլիոնը Լեւոն Մարտիրոսյանը կերավ «վրայից էլ ջուր խմեց» ու բարեհաջող մարսեց: Ավելին՝ ոչինչ չանելու, օդի մեջ կազմակերպություններ «ստեղծելու» եւ վիրտուալ պայքար մղելու համար պարգեւատրվեց պատգամավորի մանդատով. 2012-ին ՀՀԿ-ի ցուցակով անցավ խորհրդարան:

Իսկ հարցը ծածկադմբոց անելու համար նախագահականին ու Մարտիրոսյանին փրկեց այս տարվա կարկուտը: 80 միլիոն փոխանցեցին կարկուտից տուժած գյուղերի օգնության ֆոնդին՝ հայտարարելով, թե դա է՜ն դրամաշնորհների փողից է: Իսկ 420 միլիոնը որտե՞ղ Է, երբ ոչ մի կազմակերպություն չի հայտնաբերվել՝ այդ մասին մինչ օրս լռում են՝ չտեսնելու տալով դրամաշնորհային «ատկատները»։

Այնպես, որ դրամաշնորհները բաժանողին փոխելով հազիվ թե կարելի է այդ գումարներն արդյունավետ ծախսելու մասին խոսել, մանավանդ, երբ նախագահականը մեծ փողերը վստահում է միայն յուրայիններին եւ չի վերահսկում կամ վերահսկում է այնպես, որ վերջում մսխված գումարների համար պարգեւատրում է:

Իսկ ընդհանրապես, աբսուրդ է հարյուրավոր միլիոններ շռայլել անիմաստ ու ձեւական ծրագրերի «իրականացման» վրա եւ մյուս կողմից էլ գործազուրկներին զրկել 18 հազար դրամ նպաստից: Կամ՝ աբորտների ու ծխելու դեմ կեղծ պայքար մղելու համար միլիոններ հատկացնել եւ մյուս կողմից էլ բարձրացնել ուսանողների ուսման վարձավճարները եւ կամ՝ տրանսպորտի սակագինը:

Ամեն անգամ 500 միլիոն բաշխելով «Կոտոշների եւ սմբակների» գրասենյակներին եւ նրանց հայտնի ղեկավարներին՝ նախագահականը լավ կաներ այդ ահռելի գումարները ուղղեր սոցիալական խնդիրների լուծմանը:

Բայդ դե, նախընտրում է հարստացնել «միակ»-ներին ու բազեներին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը