Այս տարիլրանում է Տիեզերքի ամենահեռավոր մարմինների՝ քվազարների, հայտնաբերման 50 տարին, ինչպես նաև Սեյֆերտի տիպի ակտիվ գալակտիկաների հայտնաբերման 70 տարին: Այս երկու տեսակի օբյեկտները ակտիվ գալակտիկական միջուկների (AGN) ամենավառ դրսևորումներն են: Ինչպես հետագայում պարզվեց, Սեյֆերտի գալակտիկաներն իրենց ֆիզիկական հատկություններով շատ մոտ են քվազարներին, և հաճախ դրանք երկուսն էլ դիտարկվում են որպես գալակտիկաների էվոլյուցիոն հաջորդականության նախնական փուլերը: Ակտիվ գալակտիկաներն առանձնահատուկ դեր են խաղում գալակտիկաների ֆիզիկայի և էվոլյուցիայի հարցերում և մեզ համար հատկապես հետաքրքրական են, քանի որ դրանց կարևորությունն առաջինը հասկացել է Վիկտոր Համբարձումյանը, իսկ դրանց ուսումնասիրություններն ընկած են Բյուրականի աստղադիտարանի գիտական թեմատիկայի հիմքում: Դրանց լայն ուսումնասիրությանը նպաստեց Մարգարյանի գալակտիկաների հայտնաբերումը, որոնց թվում կային թե Սեյֆերտի տիպի գալակտիկաներ, թե՛ քվազարներ և թե՛ նոր տեսակի AGN-ներ:
1943թ. ամերիկացի աստղագետ Կարլ Սեյֆերտն (1911-1960) առանձնացրեց արտառոց լայն առաքման գծերով 12 գալակտիկա, որոնց մոտ նկատվում էր մեծ արագություններով գազի արտահոսք: Սակայն մոտակա տարիներին այս աշխատանքն անուշադրության մատնվեց, և միայն հետագայում այս գալակտիկաները կոչվեցին Սեյֆերտի անվամբ: Այնուհետև, 1963թ. նույնպես ամերիկացի աստղագետ Մաարտեն Շմիդտը (ծն. 1929թ.)` օգտագործելով Պալոմարի աստղադիտարանի 5 մետրանոց դիտակը, աստղանման ռադիոաղբյուրների մեջ հայտնաբերեց Տիեզերքի ամենահեռավոր օբյեկտները, որոնք կոչվեցին քվազարներ (քվազի-աստղային ռադիոաղբյուրներ): Առաջին քվազարն էր 3C 273 ռադիոաղբյուրը, այնուհետև իրար հետևից նույնացվեցին 3C 48-ը և մյուսները: Քվազարները և Սեյֆերտի գալակտիկաները ներկայումս աստղաֆիզիկայի և տիեզերաբանության հիմնարար մասն են կազմում և ընկած են սև խոռոչների տեսության հիմքում, որոնք էլ անմիջականորեն կապվում են աստղերի և գալակտիկաների առաջացման և էվոլյուցիայի հետ:
Հայ աստղագետները Բյուրականի աստղադիտարանում նույնպես մեծ ներդրում ունեն քվազարների հայտնաբերման մեջ. մասնավորապես Ջիվան Ստեփանյանի և Արեգ Միքայելյանի գիտահետազոտական խմբերի կողմից 1980-2000-ական թթ. հայտնաբերվել են հարյուրավոր նոր պայծառ քվազարներ Բյուրականի շրջահայությունների և ռենտգենյան աղբյուրների նույնացումների հիման վրա, ընդ որում, եթե թույլ քվազարները բազմահազար են Տիեզերքում, և դրանց հայտնաբերումը ներկայումս միայն վիճակագրական նշանակություն ունի, ապա յուրաքանչյուր նոր պայծառ քվազար կարևոր է դրանց ֆիզիկական բնութագրերը, բազմալիքային հատկությունները և էվոլյուցիան հասկանալու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանում անցկացվեց այս թեմային նվիրված Միջազգային աստղագիտական միության խոշոր գիտաժողով, որին մասնակցեցին շուրջ 140 աստղագետներ:
Քվազարների հայտնաբերման 50 տարին