Մեկնաբանություն

30.10.2013 10:18


Հայաստանի ու Տիգրան Սարգսյանի «կորը»

Հայաստանի ու Տիգրան Սարգսյանի «կորը»

Տնտեսագիտության տեսությունից հայտնի է, որ որքան բարձր է վարկի գինը, այնքան փոքր են ներդրումների ծավալները, քանզի բիզնեսի ընդլայնումն այդ պայմաններում ձեռնտու չէ։ Այլ կերպ ասած՝ ներդրումների և բանկային տոկոսադրույքի միջև կա հակադարձ համեմատական կապ։

Վերջին տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի շահերն ու Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը հակադարձ համեմատական կապի մեջ են։ Որքան նա մնում է վարչապետի աթոռին, այնքան վատանում է Հայաստանի տնտեսության վիճակը, ինչը «ռեկաշետով» հարվածում է Ղարաբաղին ու թուլացնում մեր անվտանգության համակարգը։

Տիգրան Սարգսյանը տոկոսի տակ է թողել Հայաստանը՝ հաջողացնելով հինգ տարվա ընթացքում եռապատկել մեր արտաքին պարտքը։ «Միջազգային կենտրոնների» մասնագետն այն թանկ տոկոսադրույքն է, որի գինն արտագաղթն է ու մեր պաշտպանունակության թուլացումը։

Վարչապետին հաջողվել է նաև ավելացնել աղքատների քանակը, նպաստել մարդկանց ու կապիտալի արտահոսքին, ավելացնել գործազրկությունը, ներդնել բյուջետային միջոցների մսխման «մեկ պատուհանի» սկզբունքը, կեղծ տենդերների կազմակերպումը հասցնել ավտոմատիզմի, փոքր ու միջին բիզնեսից թողնել միայն հուշ, ձու արտադրող ու արտահանող երկրից Հայաստանը դարձնել ձու ներմուծող երկիր (նույն պատկերն է թռչնամսի շուկայում), տեղական լիմոնադի արտադրությունը խթանելու փոխարեն նպաստել վրացական «Նատախտարիի» ներկրմանը, հանքային ջրերի երկիր Հայաստանում դոմինանտ դարձնել «Բորժոմին», կրճատել ազատամարտի վետերաններին տրվելիք գումարն ու բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը, վերացնել գործազուրկներին տրվող նպաստն ու միաժամանակ մի քանի միլիոն դոլար ծախսել կովերի փափուկ մասերին վերաբերող լեկցիաների վրա, խոսել բյուջետային միջոցների սղությունից և թանկարժեք «չարթերային» թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան ու այլ երկրներ և այլն, այլն, և այլն։

Տիգրան Սարգսյանը մեր երկրի «տոռմուզն» է։ Քանի դեռ նա պաշտոնավարում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանը շանս չունի։

Հետևաբար, Սերժ և Տիգրան Սարգսյանների հեռացումն այն անհրաժեշտ պայմանն է, որի ապահովումից հետո միայն կարելի է բարեփոխումների ու զարգանալու շանս ստանալ։

Հայաստանի ու Տիգրան Սարգսյանի «կորը» ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցը իշխանափոխությունն է։ Մնացած խոսակցությունները դհոլության պես մի բան են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը