Լրահոս

30.10.2013 10:53


Պոլիոմելիտի կասկածելի դեպքեր

Պոլիոմելիտի կասկածելի դեպքեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն (http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/)` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով վարակվելու ռիսկ ունեն:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:

Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:

Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը