Լրահոս

30.10.2013 11:06


«Ներքին քաղաքականությունն արտաքինի շարունակությունն է»

«Ներքին քաղաքականությունն արտաքինի շարունակությունն է»
Վերջին շրջանում կառավարության շատ ներկայացուցիչների խոսքերում կարելի է տեսնել ակնբախ անորոշություն (վերջին շրջանում հատկապես): Այդպես էլ չես հասկանում՝ աշխատավարձերը բարձրանու՞մ են, թ՞ե՝ ոչ, եթե այո, ապա՝ ե՞րբ և որքա՞ն: Այդպես էլ չհասկացանք՝ գործազրկության նպաստներն ի սպառ վերանու՞մ են, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ փոխհատուցում լինելու է: Դե, իսկ ասոցացման հանգույցն այդպես էլ մնաց գաղտնի. ստորագրվելո՞ւ է որևէ բան, թե՞ ոչ: Քաղաքական այսպիսի մետաֆորան չի կարող չունենալ իր խորքային պատճառները, որոնք դրսևորվում են արտաքին ու ներքին մակարդակներում.

1. Աշխարհաքաղաքական կողմնորոշման դեֆիցիտը (անհաշվարկ կոմպլեմենտարիզմը, և, և-ը կամ հավասարակշռումը չեն պահանջել արտաքին քաղաքական մարտահրավերների ռացիոնալ գնահատական, հաշվարկ, գործունեության ռազմավարություն)։
2. Մաքսայինին միանալուց հետո եվրոպական հեռանկարի անորոշությունը, զուգահեռ եվրոպական ճնշումների հնարավորությունը։
3. Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ տեմպերով աճը, զուգահեռ ռուսական դաշնակցային անհստակությունը։
4. Ահագնացող դեմոգրաֆիական վակուումը, դրանից բխող անխուսափելի տնտեսական ճգնաժամի առաջացումը, ուստիև՝ ներհամակարգային կոնֆլիկտների սրացման հեռանկարը։
5. Կառավարչական լճացումը, նոր պահանջներին անհաղորդ լինելը, դրանց չբավարարելը։
6. Համակարգի ադապտացիոն կարողությունների բթացումը, մոդեռնիզացիայի սոսկ ինստիտուցիոնալ ֆոնը՝ առանց արժեհամակարգային բազայի, կամ դրա իսպառ բացակայումը:
Որքան էլ հասարակական տրամադրությունների շոշափումը կարևոր լինի, որքան էլ մանիպուլյատիվ կոմունիկացիան պոպուլիստական կուլտուրային ներհատուկ անձանց համար համակարգապահպան նշանակություն ունենա, այնուամենայնիվ, նման երերուն մտքերի տրցակը, անհստակ, անորոշ տեսլականը, փոփոխական մոտեցումները չեն կարող դրական սոցիալ-քաղաքական ֆոն ապահովել արդի արտաքին ու ներքին քաղաքական բարդագույն հարաբերություններում: Ի վերջո, ներքին քաղաքականությունն արտաքինի շարունակությունն է. որքան ցածր մակարդակում է գտնվում ներքին քաղաքականությունը, այնքան նեղ է արտաքին քաղաքական հնարավորությունների միջանցքը:
Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը