Լրահոս

30.10.2013 18:00


Ամեն տարի աղքատ երկրների ավելի քան 7 միլիոն աղջիկներ ծննդաբերում են մինչև 18 տարեկանը

Ամեն տարի աղքատ երկրների ավելի քան 7 միլիոն աղջիկներ ծննդաբերում են մինչև 18 տարեկանը

Մանկահասակ մայրությունը ահռելի համաշխարհային խնդիր է՝ հատկապես զարգացող երկրներում, որտեղ ամեն տարի 7.3 միլիոն աղջիկ ծննդաբերում է մինչև 18 տարեկանը՝ նշվում է «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցում, որն այսօր հրապարակել է ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:

Ինչպես բացահայտում է «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերին դեմհանդիման» ենթավերնագրված զեկույցը, այդ 7.3 միլիոն ծնունդներից 2 միլիոնը տալիս են մինչև 14 տարեկան աղջիկները, ովքեր արդյունքում տառապում են հղիության ծանրագույն առողջական և սոցիալական երկարաժամկետ հետևանքներից՝ ներառյալ մայրական մահացության և մանկաբարձական խուզակի բարձր ցուցանիշները:

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում մինչև 14 տարեկան աղջիկներին, ովքեր մայրական մահացության և մանկաբարձական խուզակի առումով գտնվում են կրկնապատիկ վտանգի առջև:

«Մանկահասակ մայրություն» զեկույցն առաջարկում է նոր դիտանկյունից նայել դեռահասների հղիությանը՝ որպես վաղաժամ հղիության պատճառ դիտարկելով ոչ միայն աղջիկների վարքը, այլև նրանց ընտանիքների, համայնքների և կառավարությունների քայլերը:

«Չափազանց հաճախ է հասարակությունը միայն աղջկան մեղադրում հղիանալու համար», - ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Իրականությունն այն է, որ դեռահասների հղիությունն առավել հաճախ արդյունք է ոչ թե միտումնավոր ընտրության, այլ ընտրության բացակայության և այնպիսի հանգամանքների, որոնք դուրս են աղջկա վերահսկողությունից: Դա դպրոցից, զբաղվածությունից, որակյալ տեղեկություններից և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորության մասնակի կամ ամբողջական բացակայության հետևանք է»:

Զեկույցի համաձայն, վաղաժամ հղիությունը վնասում է աղջիկների առողջությունը, կրթությունը ու իրավունքները: Այն նաև թույլ չի տալիս նրանց իրականացնել սեփական ներուժը և բացասաբար է ազդում նորածնի վրա:

Հետևանքներից տուժում են ոչ միայն մայրերը և երեխաները: Մայրացած երեխաների երևույթը նաև մեծապես անդրադառնում է համայնքների ու պետությունների տնտեսությունների վրա: Օրինակ՝ եթե Քենիայի ավելի քան 200,000 դեռահաս մայրերը հղիանալու փոխարեն զբաղվածություն ունենային, ապա տնտեսությունը հավելյալ կստանար 3.4 միլիարդ դոլար: Սա համարժեք է Քենիայի ամբողջ շինարարության ոլորտին: Եթե Բրազիլիայում և Հնդկաստանում դեռահաս աղջիկները սպասեին մինչև 20-21 տարեկանը, ապա այդ երկրների տնտեսական արդյունավետությունը կաճեր համապատասխանաբար ավելի քան 3.5 և 7.7 միլիարդ դոլարով:

Թեև զեկույցը եզրակացնում է, որ դեռահասների հղիությունը շատ ավելի մեծ մարտահրավեր է զարգացող աշխարհում, քան զարգացած երկրներում, սակայն, զեկույցի համաձայն, այն շարունակում է նշանակալի խնդիր մնալ նաև զարգացած երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում դեռահասության ընթացքում հղիացած աղջիկների միայն մոտ կեսն է ավարտում ավագ դպրոցը մինչև 22 տարեկան հասնելը, մինչդեռ չհղիացած աղջիկների դեպքում այդ ցուցանիշը 10-ից 9-ն է: Այն նաև վնասում է ընդհանուր տնտեսությունը՝ միայն ԱՄՆ-ում հարկատուներին տարեկան արժենալով մոտ 11 միլիարդ դոլար:

Չնայած դեռահասների հղիությունը կանխելու կենսական անհրաժեշտությանը, զեկույցից հետևում է, որ համաշխարհային հանրությունը դեռահաս աղջիկներին է ուղղում միջազգային զարգացման համար ծախսվող յուրաքանչյուր դոլարի երկու ցենտից էլ պակաս գումար: Սա հատկապես մտահոգիչ է այն պարագայում, երբ ունենք մարդկության պատմության մեջ ամենամեծ դեռահաս բնակչությունը:

Սակայն փողը լուծման միայն մի մասն է: ՄԱԲՀ-ն հետամուտ է դեռահասների հղիության մարտահրավերի լուծմանը ցուցաբերված ամբողջական մոտեցման, որը ոչ թե հենվում է աղջիկների վարքագիծը փոխելու, այլ նրանց հասարակություններում վերաբերմունքի և քայլերի փոփոխության վրա: Սա ներառում է.

  • աղջիկներին դպրոցից դուրս չթողնելը,
  • երեխաների ամուսնությունների բացառումը,
  • գենդերային դերերի և գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը,
  • դեռահասների համար սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում՝ բեղմնականխման միջոցների հասանելիության աճը,
  • դեռահաս մայրերին ավելի լավ աջակցության տրամադրումը:

«Մենք պետք է խորհենք այն ընտանեկան, համայնական և կառավարական քաղաքականությունների և նորմերի շուրջ, որոնք հաճախ աղջիկների համար չեն թողնում այլ ճանապարհ, քան վաղաժամ հղիության ուղին է և պահանջենք դրանց փոփոխությունը», - ասում է դոկտոր Օսոտիմեհինը: «Սա այն է, ինչ մենք անում են ՄԱԲՀ-ում և ինչ մենք կշարունակենք անել ու առաջարկել, մինչև յուրաքանչյուր աղջիկ չկարողանա ընտրել իր կյանքի ուղղությունը, տեր կանգնել սեփական ապագային և առավելագույնս իրացնել իր ներուժը»:

Այս խորագրի վերջին նյութերը