Մեկնաբանություն

31.10.2013 13:10


Ռուբեն Հայրապետյանի նոր «պաշտոնը»

Ռուբեն Հայրապետյանի նոր «պաշտոնը»

«Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությունը «մարսած» Ռուբեն Հայրապետյանին նոր «պաշտոն» է տվել Սերժ Սարգսյանը։ ՀՖՖ ցմահ նախագահ Հայրապետյանը համատեղությամբ նշանակվել է նաև Արթուր Բաղդասարյանի՝ ԱԽՔ–ի փաստաբան։

Ռուբեն Հայրապետյանին այլ բան չի մնում անելու, քանզի նա, ինչպես ասում են, ոտքով–գլխով պարտական է Սերժ Սարգսյանին։ Վերջինս հենց հեռացվի իշխանությունից, Հայրապետյանը ԱԽՔ–ի փաստաբանից կարող է վերածվել փաստաբան փնտրող սուբյեկտի։ Այնպես որ, լրիվ հասկանալի է, թե ինչու է նա Գագիկ Ծառուկյանի դեմ ելույթներ ունենում և գովերգում այն էժանագին շոուն, որի անունն է «Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն», և փառաբանում ձախողված մեկին, ում անունն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան։

Ուշագրավն այն է, որ ԱԽՔ–ը այս թեմայով չի խոսում՝ շատ լավ հասկանալով, որ ընդամենը որպես գործիք է օգտագործվել Բաղրամյան 26–ի կողմից՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի։ Փոխարենը՝ բլբուլ են կտրում Ռուբեն Հայրապետյանի նմանները։

«Բունդես» Ռուբենին ու նրա նմաններին ԱԽՔ–ի փաստաբաններ սարքելով` Սերժ Սարգսյանը նպատակ ունի քարոզչական դաշտում «մուտիլովկաների» հերթական չափաբաժինը շրջանառության մեջ դնել և քաղաքական պայքարի մակարդակն իջեցնել փողոցային «ռազբորկաների» մակարդակի։

ԲՀԿ–ում, սակայն, այդ խաղի կանոնը չեն ընդունում, և սերժական խաղերին քաղաքական պատասխան կտան։ Հարմար առիթը Արարատի քաղաքապետի ընտրություններն են։ ԲՀԿ–ի հաղթանակը «հաճելի» հակահարված կլինի ախքերի ու «բունդեսների» տիրոջ համար։

Դրանից հետո կարելի է հաջողությունը զարգացնել և Սերժ Սարգսյանին ուղարկել այնտեղ, որտեղ նա հնարավորություն կունենա մուշ–մուշ քնելու։

Ինչ վերաբերում է «Բունդես» Ռուբենի վարքագծին, ապա հերթական անգամ համոզվում ենք, որ չորքոտանի «Սիմբան» շահեկանորեն տարբերվում է, քանզի դատարկ տեղը չի հաչում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ռուբեն Հայրապետյանը, փորձելով կծմծել Գագիկ Ծառուկյանին, հայտարարել է, թե սխալ է սպորտը քաղաքականացնել ու մարզիկներին շնորհավորելը դարձնել գովազդի առարկա։ Փաստորեն, Հայրապետյանը ծպտյալ հակասերժական է, քանզի բոլորին է հայտնի, որ ՀՀԿ ղեկավա՛րն է սիրում մեր շախմատիստների վզներին ծաղկեպսակներ հագցնել, ու նրանց ֆոնին նկարվելով՝ ինքնագովազդվել։

«Բունդես» Ռուբենը, հավանաբար, հոգու խորքում չի ներել Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ զրկվեց պատգամավորական մանդատից։ Բայց դե, Ռուբենն էլ պետք է հասկանա, որ ԱԽՔ–ի փաստաբան նշանակվելն այն գինն է, որը նա պետք է վճարի «բեսպրեդելային» վարքագծի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը