Լրահոս

31.10.2013 13:23


Ակտիվիստները սպառնում են անցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունների

Ակտիվիստները սպառնում են անցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունների

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երևանի ավագանու նիստին մասնակցել ցանկացող տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է տեղի ուենցել։

Քիչ առաջ ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով նիստին մասնակցելու իրենց ցանկության նպատակը:

«Մենք հայտարարություն ունեինք անելու, սակայն մեզ չթույլատրեցին մասնակցել նիստին: Նիստերը բաց են, և մեզ պետք է հնարավորություն տրվի կարդալ սա ներսում»,-ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը և ընթերցեց տեքստը, որում մասնավորապես ասված է.

«100 օր է, ինչ քաղաքացիները նստացույց են անում` պահանջելով օրինախախտ, կոռումպացված և քրեական վարքագծով պաշտոնյաների հեռացումը: Երևանի ավագանին որևէ համարժեք պատասխան չի տվել այդ պահանջներին, ինչով մասնակից է դառնում իրականացվող հանցագործություններին: Երևանի ավագանին այլևս անկախ մարմին չէ և չի կարողանում ներկայացնել երևանցիների հանրային շահը: Դուք լեգիտիմացնում եք վերևից իջեցվող հակասոցիալական որոշումներն ու պաշտպանում կեղծ հանձնաժողովի գոյությունը: Երևանի ավագանին պարտավոր է հանդես գալ հանրության շահերից, ոչ թե դրսևորել անգործություն և սատարել հանցագործներին: Երևանի քաղաքապետարանում չգիտեն, որ հաշվետու են հանրությանը, և ո՛չ ոք չի պատժվում, ո՛չ ոք պատասխան չի տալիս, ո՛չ ոք չի վերահսկվում: Առաջին հերթին պահանջում ենք անհապաղ ամբողջովին չեղյալ համարել թանկացման որոշումը, հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին: Եթե ավագանին օրենքից դուրս է և հաշվետու չէ հանրությանը, ապա հանրությունը կանցնի քաղաքացիական անհնազանդության գործողությունների»։

Արմեն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վաղը` ժամը 18-ին, Մաշտոցի պուրակում հավաքվելու են այս հարցով բոլոր շահագրգիռ անձինք` քննարկելու իրենց հետագա քայլերը:

Այս խորագրի վերջին նյութերը