Մեկնաբանություն

01.11.2013 13:00


Արամ Սարգսյանը ռուսական «շպիո՞ն» է (տեսանյութ)

Արամ Սարգսյանը ռուսական «շպիո՞ն» է (տեսանյութ)

Օրերս մասնակցելով կոոպերատիվ «ՀՀՇ»–ի հիմնադիր համագումարին և այդ ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մի ուշագրավ հայտարարություն արեց, որը կարելի է որպես ինքնախոստովանական ցուցմունք ընկալել։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ժամանակների բոլոր ընտրություններում գործել է համակարգ, և այդ համակարգը ղեկավարվել է Մոսկվայից։ Դրա վկայությունն է թե՛ 2003թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր համարվող երկրորդ ուժի՝ երկրորդ փուլին ժողովրդական շարժմանը չմիանալը և դրանով իսկ հաղթող թեկնածուի հնարավորությունները փոքրացնելը, թե՛ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր համարվող երկրորդ ուժի քաղաքացիական գործընթացներին և հանրահավաքներին չմասնակցելը և առավել ևս՝ մարտի 1–ից հետո իշխանության հետ կոալիցիա կազմելը։ Ինձ համար ակնհայտ է, որ այս ուժերին իրար հետ համերաշխեցնում և ուղղորդում է ռուսական քաղաքական ուժը, որը համակարգված է գործում Հայաստանում առկա իրական ընդդիմադիր ուժերի դեմ»,– նշել է Ա. Սարգսյանը՝ «նրբորեն» շրջանցելով 2013թ. նախագահական ընտրությունների թեման։

Փաստորեն, ըստ Ա. Սարգսյանի, ստացվում է, որ Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի հետ «մի քանի զրո» ավել կամ պակասով գործարք է կնքել ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ռուսական քաղաքական շրջանակներն են ստիպել նրանց չմիանալ ժողովրդական շարժմանը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ. ինչպիսի՜ փաստաբանություն Սերժի հաճախորդների համար։ Խեղճերն ի՞նչ անեին. նրանց ռուսներն էին ուղղորդում ու ստիպում միանալ օրվա իշխանությանը։

Ստացվում է նաև, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության գլխավոր գաղափարախոսներից ու գործընթացի ոգևորվածներից Արամ Սարգսյանին 2011թ. նույնպես ռուսներն էին ուղղորդում, քանզի ընդդիմադիր ժողովրդական շարժումը տուժեց այդ երկխոսությունից, իսկ երբ հետերկխոսական պայքար վերսկսվեց ՀԱԿ–ի և իշխանության միջև, Արամն, ինչպես գիտեք, արդեն պասիվացավ ու սկսեց բացահայտորեն գործել պրոիշխանական դաշտում՝ քննադատելով Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած քաղաքագիտական վերլուծությունը։

Եվ ամենակարևորի մասին. եթե Արամ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում Ռուսաստանը համակարգված է գործում, և թույլ չի տալիս, որ ընդդիմադիր որոշակի շրջանակներ դուրս գան իշխանության դեմ, ապա ո՞վ էր խանգարում նույն Արամին 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ դնել սեփական թեկնածությունը և խառնել չար ռուսների ծրագրերը։

ՀԱԿ–ից դուրս գալուց հետո նա պարբերաբար հայտարարում էր, թե մտնելու է պայքարի մեջ, իսկ «անկախ» լրատվամիջոցներն էլ «Հանրապետության» ղեկավարին մշտապես ներկայացնում էին որպես բարձր ժողովրդականություն վայելող գործիչ։ Բա ո՞ւր մնաց կենաց–մահու պայքարը «ռուսական իմպերիալիզմի» դեմ։ Եթե Արամն այդքան մտահոգված էր ռուսների հարցով, ապա թող մասնակցեր ընտրապայքարին, կռիվ տար ռուսական հատուկ ծառայություններից մեդալի արժանացած Սերժի դեմ, ու թույլ չտար, որ ՀՀԿ ղեկավարը Հայաստանը տաներ Մաքսային միության «չուլան»։

Եթե Արամի ասածի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա նրան նույնպես ռուսները ուղղորդեցին ու չթողեցին, որպեսզի առաջադրվի վերջին նախագահական ընտրություններում, և այդպիսով հեշտացրեցին Սերժ Սարգսյանի տոկոս «խփելու» գործը։ Իսկ թե հետագայում ինչպիսի որոշումներ կայացրեց «արևմտամետ» Սերժ Սարգսյանը, բոլորիս է հայտնի։

Դե եթե Արամը ռուսական «շպիոն» չէ ու «թունդ արևմտամետ» է, ապա թող առաջադրվեր նախագահական ընտրություններում։ Ինչո՞ւ չառաջադրվեց։

Պատասխանը շատ պարզ է. Սերժին Արամը պետք էր այն դեպքի համար, երբ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին վերապահված էր Գեղամյանի ֆունկցիան։ Նա պետք է «արևմտամետ» դիրքերից քննադատեր իշխանական մամուլի կողմից ռուսամետ հռչակված Ծառուկյանին ու ձայներ փախցներ նրանից։ Իսկ երբ ԲՀԿ առաջնորդը չդրեց իր թեկնածությունը, Արամի թեման փակվեց: Նա արդեն պետք չեկավ։

Համ էլ 2013–ի նախագահականի ժամանակ «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարող ծաղրածու կար։ Պարզապես Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, որ Պարույր Հայրիկյանն ավելի թանկ կնստի իր վրա, քան Արամ Սարգսյանը, այլապես վերջինիս կսարքեր «վաստակավոր մրցակից»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Տեղին է հիշեցնելը, որ երբ Արամ Սարգսյանը վարչապետ էր նշանակվել, ջանք ու եռանդ չէր խնայում Կրեմլի աչքը մտնելու և մասնավորապես Պուտինին քծնելու համար։ Սակայն Մոսկվայում նրան «պասլատ» արեցին։ Հիմա երևի ռուսներից իր «մուռն» է ուզում հանել «Հանրապետության» ղեկավարը։

Թեև չարժե այդքան բարդացնել իրավիճակը։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք շատ պարզ պատկերի հետ. Սերժի հաճախորդները մինչև սեպտեմբերի 3–ը իրենց գործունեությունն արդարացնում էին «Սերժը մեզ տանում է դեպի Արևմուտք» դեմագոգիկ հեքիաթով, իսկ հիմա ամեն ինչում մեղադրում են չար ռուսներին, որպեսզի խուսափեն Սերժի դեմ պայքարից՝ «Դե, ինքն ի՞նչ անի. նրան ստիպել են մտնել Մաքսային միություն. եկե՛ք, ուրեմն, պահանջենք Պուտինի հրաժարականը» թեմայով։ Այսինքն, «իմպերիալիստական Ռուսաստանի» թեման ընդամենը «ատմազկա» է Սերժ Սարգսյանի հին ու նոր հաճախորդների համար։ Մնացած խոսակցությունները «դհոլության» ոլորտից են։

Այս խորագրի վերջին նյութերը