Մեկնաբանություն

04.11.2013 11:16


Տուժում է Հայաստանը, շահում է Սերժը, և հակառակը

Տուժում է Հայաստանը, շահում է Սերժը, և հակառակը

Պետության բազմաթիվ սահմանումներ կան։ Քաղաքագիտական ու իրավական ձևակերպումների մեջ, սակայն, մեկ ընդհանրություն կա. պետությունը բռնության ու հարկահավաքման ֆունկցիա ունեցող կազմակերպություն է, սակայն գլխավոր նախապայմանն այն է, որ բռնություն կիրառող և հարկ հավաքող իշխանությունը լինի լեգիտիմ։ Քանզի ոչ լեգիտիմ իշխանությունը երկար չի կարող կառավարել ու կհեռացվի, կամ էլ ոչ լեգիտիմ իշխանության տևական կառավարումը կհանգեցնի պետության վախճանին։

Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն։ Դա նորություն չէ։ Բայց նրանք կիրառում են բռնություններ և իրականացնում են հարկային ռեկետ։ Հետևաբար, քաղաքագիտական հայտնի կանոնների համաձայն՝ նրանք կա՛մ կհեռացվեն, կա՛մ այնքան կմնան, որ Հայաստանը կթուլանա և կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։ Առայժմ գործընթացներն ի վնաս Հայաստանի ու ՀՀ քաղաքացու են զարգանում։

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի ձեռքերով կառուցում է «մեկ օլիգարխի տնտեսություն»։ Որքան հնարավոր է՝ բարձրացնում են հարկերը՝ այդպիսով սեփականության անուղղակի վերաբաշխում իրականացնելով։

Ոչ մի միջազգային ճգնաժամ էլ Հայաստանն այս վիճակին չէր հասցնի, եթե կառավարության տնտեսական քաղաքականությունը լիներ համարժեք ու նպատակ չհետապնդեր կենտրոնացնել ֆինանսական հոսքերը։

Հարկային քաղաքականությունը շատ նուրբ հարց է։ Եթե բիզնեսը հարկի չափն ու դրա վճարման ձևերը համարում է անարդար, ապա դադարեցնում է իր գործունեությունը և խռովում պետությունից։

Նորմալ պետություններում բիզնեսն առաջնորդվում է ռացիոնալ էգոիզմով, ինչը հանրօգուտ է։ Պետության ֆունկցիան ռացիոնալ էգոիստների միջև ազատ մրցակցության կարգ սահմանելն ու այդ կարգին հետևելն է։ Իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ռացիոնալ էգոիստն ինքնաիրացման անսահմանափակ հնարավորություններ ունենա՝ զուգահեռաբար սոցիալական պատասխանատվություն կրելով հարկերի վճարման տեսքով։

Հարկը պետության հետ է ասոցացվում։ Արդար ու անարդար պետությունները հարկային քաղաքականության հետևանք են։

Ադամ Սմիթն իր հայտնի աշխատության մեջ մանրամասն նկարագրել է այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ է կիրառել հարկային քաղաքականություն վարելիս, և որոնք պատճառ են դառնում ազգերի հարստացման ու բարգավաճման։

Սխալ հարկային քաղաքականությունն արժեզրկում է պետությունը բիզնես դաշտի ներկայացուցիչների համար։ Արդյունքում կապիտալն արտահոսում է երկրից՝ իր հետևից բերելով արտագաղթի մեծ ալիք։

Վերջին հինգ տարիներին Սերժ և Տիգրան Սարգսյաններն ամեն ինչ արել են, որպեսզի հարկերով խեղդեն բիզնեսը, որի փոքր շերտի ներկայացուցիչները հենց սկզբում ընկան անհավասար մարտում, միջինները հայտնվել են ոչնչացման վտանգի տակ, իսկ խոշորներն առայժմ ատամները կրճտացնելով ու անձայն են դիմադրում։

Կառավարության վերջին «բոցերից» մեկը թանկարժեք ՀԴՄ–ներն են, որոնք իշխանությունը պարտադրել է խոշոր բիզնեսին։

Հայտարարվում է, թե, իբր, սոցիալական արդարությունը պահպանվելու է. խոշորներին թանկ են վաճառել, որպեսզի փոքրերին ավելի էժան ՀԴՄ վաճառելու հնարավորություն ունենան։

Սերժ և Տիգրան Սարգսյաններն ուզում են «օն լայն» ռեժիմով տեղեկանալ, թե ինչքան փող է հավաքվել բյուջեում, կամ որ նույնն է՝ ինչքանով է մեծացել «ատկատներ» անելու իրենց հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով էլ միջազգային շուկայում մոտ 90 դոլար գին ունեցող ՀԴՄ–ն «նաղդել» են 900 դոլարով։ Սա բիոզուգարանների պատմության պես մի բան էր։

Թե որքանով է այս ամենը նպաստելու Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, դժվար չէ կռահել։

Սերժ Սարգսյանն էլ է լավ հասկանում, թե ինչ է արել մեր երկրի հետ, ու ինչքանով է թուլացրել այն։ Դրա համար էլ Զորի Գայկովիչի միջոցով Գյուլիստանի պայմանագրի մասին է հիշել։ Նրան ուրիշ բան չի մնում անելու. եթե հարկային տեռոր ես անում և արտագաղթի պատճառ ես դառնում, ապա Գյուլիստանն այլընտրանք չունի։

Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, բայց փոխարենն այլընտրանք ունի Հայաստանը։ Առանց իշխանափոխության մենք չենք կարող Գյուլիստանի ճանապարհից հետ կանգնել։ Այնպես որ, 3–րդ տարբերակ չկա. կա՛մ Սերժ Սարգսյանը կմնա աթոռին, ու կունենանք պետության վախճան, կա՛մ կլինի իշխանափոխություն, որը շանս կտա դուրս գալ այս վիճակից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Արևմուտքի ու ՍՍՀՄ–ի միջև առկա «սառը» պատերազմի տարիներին ԱՄՆ նախագահ Քենեդին հայտարարեց, որ Միացյալ Նահանգների թշնամին ոչ թե հրթիռներ ու ռումբեր ունեցող ՍՍՀՄ–ն է, այլ ԱՄՆ–ում առկա ինֆլյացիան։ Հետևաբար, նկատեց Քենեդին, պետք է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։

Մեր պարագայում էլ նույն բանը կարելի է ասել։ Հայաստանին ոչ մի «Սմեռչով» հնարավոր չէ պարտության մատնել, եթե երկրի ներսում հարկերով ու գնաճով չհաղթեն ՀՀ քաղաքացուն։

Հայաստանի ներսում պարտված քաղաքացին չի՛ կարող հաղթել արտաքին թշնամուն։ Այնպես որ, մեր բոլոր հարցերը լուծվում են Երևանում։ Իսկ եթե իշխանությունները խնդիրը տեղափոխում են Գյուլիստան, ապա նրանց հենց այդտեղ էլ պետք է ուղարկել։ Թող ուսումնասիրեն 200 տարվա հնություն ունեցող փաստաթղթերն ու քծնեն Կրեմլին՝ ինչքան սրտները կամենա։

Այս խորագրի վերջին նյութերը