Մեկնաբանություն

05.11.2013 00:11


Մաքսային ու գազային պատմություն

Մաքսային ու գազային պատմություն

Սեպտեմբերի 3–ից հետո իշխանության տարատեսակ ներկայացուցիչները հիմնավորումներ են ներկայացնում, թե ինչու որոշում կայացվեց մտնել Մաքսային միություն (ի դեպ, մեզ այնտեղ դեռ «միջանցքում» են կանգնեցրել ու ներս չեն հրավիրում)։

Ուշագրավն այն է, որ ՄՄ–ն այժմ գովերգում են նրանք, ովքեր ամիսներ առաջ գրեթե նույն հիմնավորումներով փառաբանում էին Սերժ Սարգսյանի «արևմտյան» կուրսն ու հայտարարում, որ ԵՄ–ի հետ ասոցացումը ՀՀ–ի համար միակ ճիշտ ճանապարհն է։ Ինչևէ։

«Մաքսային միություն մտնելը այն գինն էր, որը Հայաստանը պետք է վճարեր գազի նոր թանկացումից խուսափելու համար»,- այսօր հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Տեղին է հիշեցնելը, որ Մաքսային միություն մտնելու որոշումը սերժսարգսյանական շրջանակները հիմնավորում էին Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության խնդիրներով։

Դե, Զորի Բալայանն էլ Սերժ Սարգսյանի ցուցումով մի երկար նամակ գրեց Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ վերջինիս հիշեցնելով Գյուլիստանի պայմանագրի մասին: Այսինքն՝ ակնարկելով Ղարաբաղը Ռուսաստանի հանձնելու մասին: Երեւի, այդպես պետք է հասկանայինք «Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության» հարցը, ինչն ապահովված է լինելու Մաքսային միություն մտնելու միջոցով:

Մի մասն էլ այսպիսի «հիմնավորումներ» էր ներկայացնում, թե «Հայաստանը խորը եւ դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ»։

Անշուշտ եղան նաեւ իշխանական պաշտոնյաներ, ովքեր զարմացած պնդում էին, թե «Ի՞նչ է, Ռուսաստանը Եվրոպա չի՞...Եվրոպա է»։

Սերժ Սարգսյանի որոշումը ողջունողները եւ դրական գնահատողները էլի շատ ու շատ «հիմնավորումներ» էին նշում, որոնց համաձայն ՀՀ եւ ՌԴ ռազմավարական համագործակցությունը «առավել հիմնավոր ու բարենպաստ ռելսերի վրա է դրվելու»:

Իհարկե, սթափ գործիչները և իշխանությանն անկեղծորեն հակադրվող ուժերը պնդում էին եւ այժմ էլ շարունակում են պնդել, որ այդ որոշումը վտանգում է մեր ինքնիշխանությունը եւ որ Սերժ Սարգսյանը Հայաստանը «խցկելով» Մաքսային միության մեջ՝ ընդամենը սեփական իշխանությանը պահպանելու խնդիր է լուծում:

Իսկ հիմա, ըստ Էներգետիկայի նախարարի՝ Մաքսային միություն մտնելու գինը գազի թանկացումից խուսափելն է, ինչը պետք է վճարեր Հայաստանը: Սա արդեն նոր մոտեցում է «մաքսային» հիմնավորումների մասով։

Ընդ որում, խոսքը ոչ թե գազի գնի էժանացման, այլ՝ հուլիսից արդեն իսկ բարձրացված սակագինը նույնությամբ պահպանելու մասին է:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը երկրի արտաքին քաղաքական կողմնորոշում է ընտրել, որպեսզի խուսափի գազի թանկացումի՞ց: Շատ զարմանալի է: Իսկ ԵՄ–ի հետ ասոցացման գնալու փուլում այդ մասին չէի՞ն մտածել։ Եթե մտածել էին, ապա ինչու՞ չէին հանրությանը տեղեկացնում, որ ԵՄ–ի հետ ասոցացվելու գինը թանկ գազն է լինելու։

Ի դեպ, Արմեն Մովսիսյանն այսօր նաեւ ասել է, որ դեռ գազի գնի վերաբերյալ պայմանագիր չկա եւ հայտնի չէ, թե այն երբ կստորագրվի:

Հարցը բազմիցս է հնչել եւ նորից հարցնենք՝ եթե պայմանագիր չկա, այդ դեպքում հուլիսից մինչ օրս ինչո՞ւ ենք մենք թանկ վճարում գազի համար:

Մի խոսքով, «նախաձեռնողական» քաղաքականությունը դեռ շատ «գազ» է տանելու։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը