Լրահոս

05.11.2013 19:55


Բագրատիոնները վերադառնո՞ւմ են

Բագրատիոնները վերադառնո՞ւմ են

Նոյեմբերի 2-ին Իվանիշվիլին և իր քաղաքական խումբը ներկայացրեցին հասարակությանը նոր վարչապետի թեկնածությունը: Երկրի վարչապետի աթոռի թեկնածուն դարձավ Ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Գործող օրենսդրության համաձայն` վարչապետի թեկնածությունը պետք է հաստատի նախագահը, իսկ հետո երկրի Պառլամենտը: Նախագահն անխոս կհաստատի նոր վարչապետին, իսկ Պառլամենտում հնարավոր է` ստեղծվեն որոշակի դժվարություններ: Պառլամենտական ընդիմություն «Ազգային շարժում» դիրքորոշումն արդեն իմաց է տվել՝ նա չի պատրաստվում քվեարկել Ղարիբաշվիլու թեկնածության օգտին: Մինչդեռ, այստեղ հարկ է նշել, որ «Ազգային շարժում»-ը լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել, որովհետև օրենքի համաձայն` նոր Կառավարության և վարչապետի թեկնածությունը հաստատելու համար անհրաժեշտ է Պառլամենտի պատգամավորների ձայների մեծամասնությունը: Այսօրվա դրությամբ երկրի օրենսդիր մարմնում «Վրացական երազանք» կոալիցիային է պատկանում անհրաժեշտ ձայների քանակությունը:
Ինչ էլ որ լինի, նոր կառավարության հաստատման գործընթացը կշարունակվի ամբողջ նոյեմբերի ընթացքում: Ինչից հետո երկրի ղեկավարման բոլոր լծակները կանցնեն «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներին: Չնայա՞ծ…:
Նոյեմբերի 3-ին Վրաստանի հինավուրց մայրաքաղաք Մցխեթայում անցկացվել է յուրահատուկ մկրտման արարողություն: Վրացական Մայր-Աթոռ եկեղեցում` Սվետիցխովելի տաճարում, կնքել են երկու տարեկան Գիորգի Բագրատիոնիին: Մկրտման ծեսն անցկացրել է ոչ ավել ոչ պակաս Իլիա Երկրորդը, որը միաժամանակ հանդիսանում է Գիորգիի կնքահայրը: Կնունքի արարողությանը Իսպանիայից եկած Բագրատիոնի տան ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Վրաստանի Կառավարության անդամներ` Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Բնականաբար, կնունքի այս արարողությունը հասարակության մեջ չէր առաջացնի այդպիսի ռեզոնանս, եթե չլիներ ռեգալիան (թագավորական իշխանության նշան հանդիսացող կոչում), որը «շնորհեցին» երկամյա Գիորգիին: Պատրիարքը, Կառավարության անդամները, բոլորը նրան անվանում են «արքայազն»` գահաժառանգ:

«Այսօր ես շատ հպարտ եմ: Ինձ համար մեծ պատիվ է լինել արքայազն Գիորգիի կնքահայրը: Սա շատ կարևոր օր է, որովհետև այսօր Վրաստանում Միապետության վերականգնման հիմք դրվեց», -ասաց «Վրացական երազանք»-ին մոտեցած գործարար Լևան Վասաձեն, Գիորգի Բագրատիոնիի կնքահայրերից մեկը:

Հիշեցնենք, որ 2009թ.-ին Թբիլիսիում անցկացվել է Դավիթ Բագրատիոն-Մուխրանսկու և Աննա Բագրատիոն-Գրուզինսկու պսակադրությունը: Երկուսն էլ հանդիսանում են Բագրատիոնի արքայական գահատոհմի հիմնական ճյուղերի հետնորդները: «Դավիթի և Աննայի ամուսնությունը մեր Պատրիարքի վաղեմի երազանքն էր: Պատրիարքը հավատում էր, որ ընդհանուր երեխայի ծնունդով տեղի կունենա վրացական գահատոհմի երկու ամենաուժեղ ճյուղերի` Բագրատիոն Մուխրանսկու և Գրուզինսկու, պատմական վերամիավորում», -հայտարարել են վրաց եկեղեցու Պատրարքարանում:
Բագրատիոնի գահատոհմի երկու ժառանգների պսակադրությունից և վրաց Պատիարքի` Վրաստանում Միապետության վերականգնման ցանկությունը հասարակայնորեն արտահայտելուց հետո հասարակության որոշակի մասը սկսել էր լրջորեն քննարկել Վրաստանի ղեկավարման Միապետական կարգին անցնելու հնարավորությունը: Սկզբունքորեն խոսակցությունները, առավել ևս պետական կարգի տապալմանն ուղղված կոչերը հանդիսանում են հակասահմանադրական, մինչդեռ ժամանակակից Վրաստանում քչերը կհամարձակվեն ասել, որ վրացական եկեղեցին հակասահմանադրական քայլեր է իրականացնում:
Շուտով, պսակադրությունից հետո Դավիթը և Աննան երկիրը լքեցին, և պետական կարգի տապալման մասին խոսակցությունները ևս սկսեցին մարել:
Այսօր՝ Բագրատիոնի գահատոհմի անկումից 212 տարի անց, վրաց իշխանության ազդեցիկ ինստիտուտներից մեկը` Պատրիարքարանը, նորից խոսեց երկրում Միապետության վերականգնման մասին:
«Մոտակա ժամանակներում Վրաստանում կստեղծվի արքայազն Գիորգիի ֆոնդը, որը կֆինանսավորի կարևոր նախագծեր: Բագրատիոններն ակտիվորեն ներքաշվում են երկրի հասարակական կյանքի մեջ: Հասարակական, բայց դեռևս ո՛չ քաղաքական: Արքայազնը դեռ երկու տարեկան է, բայց նրան կդաստիարակեն այնպես, ինչպես վայել է թագաժառանգին: Մենք հույս ունենք, որ մինչ արքայազնը կհասնի իր չափահասությանը, վրաց ազգը կորոշի, թե երկրի ղեկավարման ինչ եղանակ է ցանկանում ունենալ», -հայտարարել է Բագրատիոնի տան կանցլեր Սիմոն Կոպաձեն:
Գործող օրենսդրության համաձայն Գիորգիի չափահասությանը մնացել է 16 տարի: Այդ ժամկետը բավարար կլինի նրա համար, որպեսզի հասարակությունը ամեն ինչ կշռի` ի վնաս և ի օգուտ, և կողմնորոշվի ուզու՞մ է արդյոք ապրել միապետական կարգերով երկրում և ունենալ Գիորգի XIII թագավորին:
Դե՛, իսկ հիմա դեռևս Պառլամենտն անելիք ունի` պետք է հաստատի նոր Կառավարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը