Քաղաքական

25.07.2009 15:14


Էդուարդ Աբրահամյան. «Եթե Ղարաբաղը մեր ազգի և պետության ողնաշարն է, ապա Ջավախքը՝ թոքերն են»

Էդուարդ Աբրահամյան. «Եթե Ղարաբաղը մեր ազգի և պետության ողնաշարն է, ապա Ջավախքը՝ թոքերն են»

-Հոյակապ օրինակ է Նախիջևան-Ջավախք օրինակը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Վրաստանը հայ ազգային փոքրամասնության հանդեպ իրականացնում է խոր մշակված նույն դիսկրիմինացիոն քաղաքականությունը։ Եթե ադրբեջանական կողմը բացահայտ զինված քայլերի էր դիմում Ղարաբաղում հայերի հանդեպ, ինչի հետևանքով տեղի ունեցավ այդ ազգային պոռթկումը, ապա Վրաստանը շատ խելոք է դրան մոտենում և թույլ, տակից խնդիրներ ստեղծելով՝ փորձում է արմատները կտրականապես ոչնչացնել,-Նախիջևան-Ջավախ-Ղարաբաղ ընդհանրությունների մասին խոսելիս ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։

Վրաստանի նման քաղաքականությունը, ըստ Է. Աբրահամյանի, բխում է Հայաաստանի իշխանությունների վտանգավոր և անհասկանալի պասիվությունից։ Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից խնդիրների շրջանցումը Ղարաբաղյան հակամարտության նախադրյալներ է ստեղծում Ջավախքում.

-Առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ դա հնարավոր է։ Այդ խնդիրները վերջնականապես չեն հասել այն մակարդակին, որ տեղի բնակչությունը հուսահատ դիմի զենքի միջոցներին։ Սակայն եթե այսպես շարունակվի և ներկայացվի, որ այնտեղ ազգային խնդիր չկա, դա լուրջ խնդիրներ կառաջացնի։ Մեր պետությունն այս հարցերը չբարձրաձայնելով՝ ինքն է բերում կոնֆլիկտի։

Նրա կարծիքով՝ Ջավախքն այսօր Հայաստանի համար «այլընտրանքային գործիք» է, որ «ոչ թե Վրաստանը ճնշի Հայաստանին, թե կփակի ճանապարհը, այլ Հայաստանը հնարավորություն ունենա երբեք չբարձրացնելու Վրաստանի մոտ այդ հնարավորությունը»։

«Իշխանությունների գերպասիվ դիրքը» Ջավախքի նկատմամբ Է. Աբրահամյանը բացատրել է կարծրատիպերի շարքով, որոնցից են՝ մենք ունենք Ղարաբաղ, աղմուկ չանենք, որ Ջավախքում խնդիր չլինի, երկրորդը՝ որ Վրաստանը քրիստոնեական պետություն է և չի կարող հայերի դեմ իրականացնել այն քաղաքականությունը, ինչ Ադրբեջանը, երրորդը՝ գործարարության տեսանկյունից ելնելով՝ այն քաղաքական մասսան է, որը Վրաստանը դիտարկում է որպես տարածք, որի հետ որևէ խնդիր չպետք է թույլ տալ, քանի որ իրենց բիզնեսը իրականացվում է Վրաստանի տարածքով։

Այնինչ նա համոզված է, որ Ջավախքը Հայաստանի համար ամենակարևոր կետերից մեկն է, և «եթե Ղարաբաղը մեր ազգի և պետության ողնաշարն է, ապա Ջավախքը՝ թոքերն են»։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը