Մեկնաբանություն

05.11.2013 15:15


Տիգրան Սարգսյանը գործի է անցել

Տիգրան Սարգսյանը գործի է անցել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի վարքագծային կանոնի փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե նախկինում նա սիրում էր նյուվասյուկիստական ծրագրեր ներկայացնել ու դատարկ խոստումներ տալ, ապա այժմ ճիշտ հակառակ պատկերն է։ Հավանաբար, նա էլ է ֆիքսել, որ ստելու պաշարը սպառել է, և հարկավոր է անկեղծ լինել, այն է՝ անկեղծորեն խոստովանել, որ բիզնես միջավայրը վատացել է, և ունենք տնտեսական աճի (խոսքն անվանական աճի մասին է) տեմպերի նվազում։

Տիգրան Սարգսյանի մոտ նկատվում է նաև ինքնախոստովանական ցուցմունքներ տալու միտում։ Սկզբում նա, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, խոստովանեց, որ պետական գնումների հարցում 90 տոկոսն իր ընկերներն ու մտերիմներն են շահող դուրս գալիս։ Հետո եկավ գործազուրկներին տրվող նպաստի 94 տոկոսի անարդյունավետ օգտագործման ու մսխման մասին հայտարարության հերթը։

Բյուջեն ներկայացնելիս էլ Տիգրան Սարգսյանը խոստովանեց, որ տնտեսության վիճակը վատ է, և Սերժ Սարգսյանի պահանջած «մոգական» 7 տոկոս աճի ապահովումը հետաձգվում է անորոշ ժամանակով։

Այս ամենը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է պաշտոնից զրկվելուն։ Խոսքն այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանը վաղն արդեն նրան հեռացնելու է։ ՀՀԿ ղեկավարն այժմ այնպիսի վիճակում է, որ դժվար է ասել, թե ով է ում ավելի շատ պետք՝ Տիգրան Սարգսյա՞նը Սերժ Սարգսյանին, թե՞ հակառակը։ Երկուսն էլ փոխադարձաբար կախված են իրարից։ Նրանց միավորում է համատեղ ձախողվածությունը։

Սերժը հազիվ թե ավելի վարկաբեկված ու «խուրդված» ֆիգուր գտնի վարչապետի աթոռի համար, քան Տիգրանն է։ Ցանկացած այլ ֆիգուրի պարագայում, ով նաև նորմալ հարաբերություններ կունենա խորհրդարանի հետ, Սերժ Սարգսյանը գիշերները «վալերյանկա» խմելով կանցկացնի, քանզի ՀՀ սահմանադրությունը կսկսի գործել ամբողջությամբ։

Այնպես որ, վաղվա համար «տիրացուն» կարող է հանգիստ լինել։ Խնդիրները կառաջանան վաղը չէ մյուս օրը, երբ հարկ կլինի մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ եղան ՀՀ ոսկու պաշարները, ինչպե՞ս էին խաղացվում դոլար–դրամ փոխարժեքային խաղերը, ինչպե՞ս կազմակերպվեց գործարար Փայլակ Հայրապետյանի օֆշորային «քցումը», և ի՞նչ դերակատարում ուներ այդ գործում իր ընկեր Կճոյանը, ո՞ւր կորան ՀՀ–ի հաշվին վերցրած վարկերը, ով ինչքան էր ստանում բյուջետային միջոցների «ատկատից», ովքե՞ր էին պետական տենդերները շահող իր ընկերները, գազի գինն ինչպե՞ս թանկացավ առանց պայմանագրի, հատկապես ի՞նչ բնույթի խորհուրդներ է տվել իր պեդոֆիլ խորհրդական Սերոբ Տեր–Պողոսյանը, և այդ խորհուրդներից քանի՞սն է ընդունվել իր կողմից, ինչպե՞ս էին սեմինարների ու լեկցիաների միջոցով «լվացվում» միլիոնավոր դոլարները և այլն, և այլն, և այլն։

Մի խոսքով, Տիգրան Սարգսյանն ահագին բան ունի պատմելու։ Նա այդ ամենը բնազդով է զգում ու դրա համար սկսել է ինքնախոստովանական ցուցմունքների շարքն ու անկեղծացումը։ Իսկ դա, ինչպես հայտնի է, մեղմացուցիչ հանգամանք է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը