Լրահոս

05.11.2013 15:13


Քաղաքացիական նախաձեռնություն. «Երևանը քաղաքապետ չունի»

Քաղաքացիական նախաձեռնություն. «Երևանը քաղաքապետ չունի»

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների հետ և ոտնահարելով ՀՀ օրենքները` ներխուժում է Երևանի բակերը՝ հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։
Ըստ էության` Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը (2012), Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։
Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք, և որոշումն ընդունվել է օրենքների խախտումով։ Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր կանգնելն է։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն օրինականություն։
Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ, և փոխում են կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը