Լրահոս

25.07.2009 16:00


Հանրային խորհուրդը՝ ԼՂՀ–ում

Հանրային խորհուրդը՝ ԼՂՀ–ում

Նախօրեին  ԼՂՀ կառավարությունում հյուրընկալվել է ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ այդ մարմնի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Հայաստանցի գործիչները Արցախ են ժամանել՝ ծանոթանալու ԼՂՀ հասարակական-քաղաքական ներկա իրավիճակին, և մինչ այդ հանդիպումներ էին ունեցել ԼՂՀ նախագահի հետ և Ազգային ժողովում։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրային խորհուրդը էական դերակատարություն կունենա ՀՀ-ԼՂՀ կապերի խորացման գործում և հնարավորություններ ունի լավագույնս օժանդակելու արցախյան որոշ խնդիրների լուծմանը։ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյանը և նրա գործընկերներն անդրադարձել են մի շարք հրատապ հարցերի, որոնց կարգավորումը թույլ կտա զգալիորեն բարեփոխել ՀՀ-ԼՂՀ փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով, որ կարող են անմիջական մասնակցությամբ համահայկական նշանակության հիմնախնդիրները դարձնել պետականորեն ու հանրորեն լուծելի։

Հյուրերի խնդրանքով վարչապետ Ա.Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական կացությունը, անդրադարձ կատարեց իրագործվող պետական ծրագրերին և առկա հիմնահարցերին։ ԼՂՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է հայաստանյան քաղաքացիների վատ տեղեկացվածությունը Արցախի ու նրա ներկայի վերաբերյալ, ինչը մամուլի լուրջ բացթողումն է։

Խոսք է եղել ԼՂՀ-ին մասնագիտական-կադրային օժանդակության, զբոսաշրջության խթանման, ներդրումների ընդլայնման և այլ օրախնդիր պահանջների մասին, որոնց կարգավորումը համատեղ ջանքեր են թելադրում։

Հանդիպման ժամանակ շոշափված առանցքային հարցերից մեկը վերաբերել է Հանրային խորհրդի այնպիսի աշխատանքային խումբ ստեղծելուն, որը կմշակի համագործակցության երկարաժամկետ ծրագիր ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, եւ այն հիմնված կլինի հայեցակարգային դրույթների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը