Կարծիք

25.07.2009 16:22


Ռեպլիկի կարգով՝ Արցախի մասին

Ռեպլիկի կարգով՝ Արցախի մասին

 

            «Անցյալ անկատար» իմ շարունակականի հանդարտ ընթացքը նորից ստիպված եմ ընդհատել, և դա վատ չէ, որովհետև սիրտս վկայում է, որ մոտակա ամիսների ընթացքում Հայաստանում սպասվում են նոր ակտիվացումներ, բաժանումներ և սրացումներ: Ղարաբաղյան կարգավորում կոչված սերիալի վերջին սերիան կարծիքների և մեկնաբանությունների մի նոր ալիք առաջացրեց ԶԼՄ-ներում: Նվաստս դժվար թե կարողանար ստիպել իրեն՝ անմասն մնալ այս բանավեճից:

            Ինձ ամենից մտահագող խնդիրն այն է, որ, իմ համեստ կարծիքով, մինչ Արցախի հետ կապված փաստաթղթի ստորագրումը ոչընտրի կողմից անխուսափելի է, և ամեն օր մեզ մոտեցնում է այդ ճակատագրական պահին, խնդրի շուրջ ծավալվող բանավեճը թվացյալ է. իրականում այն չկա: Դա ունի մի քանի պատճառներ' ա. պարտադրված կամ դարն ապրած սխեմաների, կեղծ երկընտրանքների ծուղակի մեջ ընկնելը բանավեճի մասնակիցների մի զգալի մասի կողմից, բ. հարցի փիլիսոփայական հիմքի անտեսումը, որի պատճառով կամ արտահայտված կարծիքները կրում են մակերեսային բնույթ, կամ էլ դրանց հիմքում ընկած իրական փիլիսոփայական կոդերը չեն գիտակցվում կարծիք արտահայտողի կողմից, որով վերջինս դառնում է այդ կոդերի ստրուկը, գ. հռետորականության և չսահմանված հասկացությունների գերակայությունը բանականորեն հստակեցված եզրերի նկատմամբ: Չցանկանալով ծանրացնել շարադրանքը' անդրադառնամ այս կետերից միայն առաջինին' կեղծ երկընտրանքների պատճառով առաջացած ծուղակներին: Այս թեմային արդեն անդրադարձել է Ա. Թևանյանը, բայց, կարծում եմ, այստեղ որոշ հավելումների անհրաժեշտություն կա: Կեղծ երկընտրանքի սխեման հատնի է' ազատություն կա՛մ Ղարաբաղ (տվյալ դեպքում՝ հենց Ղարաբաղ, որովհետև Ազատ Արցախը չի կարող նման երկընտրանքի պատճառ հանդիսանալ): Մի մասն ասում է' պետք է զոհաբերենք ազատությունը (այսինքն ժողովրդավարությունը, հանրապետությունը, ազատ ընտրության իրավունքը, սահմանադրական կարգը, ազատ տնտեսությունը և այլն)՝ հանուն Ղարաբաղի, մյուս մասն էլ հակառակն է պնդում' Ղարաբաղն է պետք զիջել՝ հանուն ազատ զարգացման հնարավորության: Իհարկե, ներկայացվածը շատ պարզունակ և պայմանական նկարագրություն է: Չեմ կարող պնդել, թե սրա մեջ տեղավորվում են Արցախի խնդրի շուրջ հնչեցվող բացարձակապես բոլոր տեսակետները: Իմ տպավորությամբ, այսօր սաղմնավորվում է տեսակետների մի խումբ, որը, գոնե մասամբ, փորձում է դուրս պրծնել այս սխեմայից: Սակայն, մյուս կողմից, գերակայողը շարունակում է մնալ իներցիայի ուժով վերարտադրվող կեղծ երկընտրանքը: Խնդիրը, ուրեմն, այն է, որ դա վերջնականապես նետենք պատմության աղբանոցը, որովհետև շուտով կարող է գալ այն պահը, երբ տեսական բանավեճերի համար նախատեսված ժամանակն սպառվի, և մնա միայն հոգեբանական «վճռակետը». ստորագրելուց և իրագարծելուց առաջ ստորագրողը պետք է ապահովի նաև «N» թվով դիակների առկայությունը, այն մարդկանց, որոնք վճռելու են, որ իրագործումը հնարավոր է միայն իրենց «խփելուց» հետո: Սա՝ ապագայի համար, իսկ այժմ վերադառնանք ներկային:

            Եվս մեկ անգամ հիշելով, որ սխեման շատ պայմանական է, դիտենք դա ավելի մանրամասն: Երկընտրանքի առաջին բևեռը ներկայացնում են պայմանականորեն ասած' արևմտյան «գործակալները»: Նրանց տեսակետի հիմքում զուտ լիբերալ-շուկայական փիլիսոփայությունն է, այնպես, ինչպես որ դա ձևակերպվում է վերջին շրջանում: Դրա ուղերձը մոտավորապես հետևյալն է' ժողովուրդներն ու հայրենիքները ֆիկտիվ սուբյեկտներ են: Համապատասխանաբար՝ սահմաններն ու կոնֆլիկտները արխաիզմ են, հնադարի մնացուկ: Միակ իրականությունը շուկան է, որն ստեղծում է հարաբերություններ, լուծում է բոլոր կոնֆլիկտները: Մարդիկ երջանկանում են փոխադարձ առևտրի շնորհիվ, իսկ փողը ջնջում է բոլոր սահմանները: Կոնֆլիկտը պետք է լուծվի հանուն գլոբալ շուկայի, իսկ գլոբալ շուկան էլ, իր հերթին, պատմության գիրկը կմղի բոլոր հուշերը կոնֆլիկտի մասին: Այս փիլիսոփայության հիմնական վտանգներից է այն, որ փորձ է անում բարդ իրականությունը տեղավորել հերթական ուտոպիայի շրջանակների մեջ: Հայաստանում հնչող ոչ բոլոր «խաղաղասիրական» տեսակետներն են տեղավորվում այս համատեքստի մեջ (դրանց մեջ իրականում կան պահպանողականության և ռեալ-փոլիթիքսի, ինչպես նաև հակառուսական անկախականության համատեքստում իմաստավորվող կարծիքներ), բայց նույնիսկ նրանք, ովքեր դուրս են այս կոդից, կրում են վերջինիս այս կամ այն չափի ազդցեցությունը:

            Երկընտրանքի երկրորդ բևեռը' «հայրենասիրությունը», իմ կարծիքով ավելի վտանգավոր է, քանի որ նրա իրական փիլիսոփայությունն ավելի խոր է թաքնված, և մեծամասամբ չի գիտակցվում թե՛ այդ տեսակետի կրողների, թե՛ նրա հակառակորդների կողմից: Ի տարբերություն առաջին բևեռի ներկայացուցիչների, երկրորդ բևեռը կարող ենք պայմանականորեն կոչել ռուսական «գործակալներ»: Այս կարծիքի կրողները արտաքուստ հանդես են գալիս հայրենիքի գաղափարի պաշտպանությամբ: Իրականում, սակայն, նրանք լիովին գտնվում են նեոռուսական պահպանողական գաղափարախոսության կոդի շրջանակներում: Վերջինս, փաստացիորեն հիմնված լինելով լուսավորչական արժեքների ժխտման վրա՝ չի կարող էապես խորթ չլինել նաև հայրենիքի և ազգի գաղափարներին: «Պետության անվնտանգություն», «պետական շահ» կոնցեպտները, որոնք լայնորեն օգտագործվում են այս տեսակետի կրողների կողմից, լիովին փոխառված են ռուսական կայսերական մոդելից, և հակասում են նույն հասկացությունների սահմանմանը, որոնք պետք է բխած լինեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից: Շեշտված կերպով ներկայացված է հակակրանքը և կասկածանքը ցանկացած ժողովրդավարական, առաջին հերթին՝ հրապարակային գործընթացի նկատմամբ: Ինչպես և նեոռուսական հայացեկարգում, որն իր հերթին հիմնվում է 19-րդ դարի ֆրանսիական հակահեղափոխականների' Լեբոնի և այլոց տեսությունների վրա, հրապարակային միջոցառումները իմաստավորվում են որպես մանիպուլացվող ամբոխի գործողություններ: Մեծ համակրանք է վայելում դավադրության տեսության մոդելը: Ազգային անկախ պետության համար հիմնարար՝ ազատ ընտրության սկզբունքը բացահայտորեն կամ լռելյայն ժխտվում է. լավագույն դեպքում, անտարբերության է մատնվում: Մի խոսքով' այս խմբի հայացքների հիմքում ընկած իրական փիլիսոփայությունն ուղղակի հակասության մեջ է մտնում թե՛ Ղարաբաղի հարցի, թե՛ առհասարակ' Հայաստանի Հանրապետության և Սահմանադրության փիլիսոփայական հիմքերի հետ: Ժխտվում կամ անտեսվում են դրա հիմնական տարրերը' ազատ ընտրություն, ազատագրական պայքար, ինքնորոշում, ժողովդրի սուբյեկտություն, հրապարակային գործընթաց և այլն: Այս հակասությանը, թերևս, դեռ մի անգամ էլ կանդրադառնամ առանձին նյութով, որպեսզի ավելի ակնառու դառնա դրա ողջ անհեթեթությունը: Տվյալ պահին կարևոր են այս հակասության գործնական հետևանքները: «Հայրենասիրությունը» ի զորու չէ ձևակերպել և գիտակցել էականը' անքաքտելի կապը ներքին և արտաքին գործընթացների միջև: Նրա վերլուծական ապարատը մատնվեց կատարյալ ձախողման հատկապես մարտի 1-ի դեպքերի հետ կապված' երբ «հայրենասերները» պաշտպանեցին կատարվածի իշխանական վարկածը, այսինքն՝ ցուցաբերեցին սեփական քթի տակ կատարվողի նկատմամբ բացարձակ ոչ ադեկվատություն: Այսօր էլ նրանք ցուցաբերում են նույն ոչ ադեկվատությունը՝ պահանջելով Է. Նալբանդյանի հրաժարականը, կարծես թե Հայաստանում որևէ խելքը գլխին մարդ կա, որը ենթադրում է, որ խեղճ Էդոն (որը, այդ էլ չմոռանանք, իրենց իսկ սիրելի սովետական «պրոֆոսիանալ» չեկիստական կադր է, և աշխարհի մասին նույն պատկերացումներն ունի, ինչ «հայրենասերները») ինչ որ բան որոշում է այս երկրում: Բացարձակ ոչ ադեկվատությունից բխում է լիակատար անպատասխանատվությունը, քանի որ «հայրենասիրական» ճամբարը ի զորու չէ ոչ միայն խոստովանել, այլև ուղղակի տեսնել սեփական գործունեության հետևանքները' աջակցությունը ոչընտրին և մարտի 1-ի իշխանական վարկածին հավասար է մասնակցությանը Արցախի կարգավորման փաստաթղթի ստորագրմանը: Սա նոր միտք չէ: Այն հնչեցվել է բազմիցս, կարելի է ասել՝ 2008թ. մարտի 21-ից սկսած: Ահա թե ինչու, հիմնական վտանգը ես այսօր տեսնում եմ «հայրենասիրական» ճամբարից: Ո՛վ, ո՛վ, բայց նրանք, հաստատ, տանելու են Հայաստանը դեպի հերթական աղետ և կործանում, դեպի մեր օրերի Կարսի անկում: Սա նրանց աշխարհայացքի նույնքան անխուսափելի հետևանքն է, որքան շոգը' արևի ճառագայթների:

            Հետևությունն այս իրավիճակից կարող է լինել մեկը: Վերլուծելով և դեկոնստրուկցիայի ենթարկելով իներցիայի ուժով հրապարակում գտնվող կեղծ երկընտրանքային կարծիքները (բայց խուսափելով անիմաստ ժամանակ խլող բանավեճի մեջ մտնելուց այդ տեսակետների կրողների հետ՝) արագ տեմպերով կառուցել և վերջնական տեսքի բերել Արցախի խնդրի վերաբերյալ հայաստանակենտրոն աշխարհայացքից բխող հայեցակարգը: Դրա փիլիսոփայությունը, այսպես թե այնպես, տրված է Հայաստանի Հանրապետության և Արցախի հիմնարար փաստաթղթերում, մնում է միայն ավելի մանրամասն և հստակ հնչեցնել այն: Արցախի հարցը հայանպաստ լուծում կարող է ունենալ միայն ազատ և ժողովրդավարական Հայաստանի գոյության պարագայում: Այլապես, թուղթն արդեն ստորգրված-պրծած համարեք, իսկ դիմադրությունը' անհնար:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը