Մեկնաբանություն

06.11.2013 11:52


«Հեղափոխությունը» խժռում է իր զավակներին (տեսանյութ)

«Հեղափոխությունը» խժռում է իր զավակներին (տեսանյութ)

Վերջապես իրականացավ Սերժ Սարգսյանի «ֆեյք» մրցակից Պարույր Հայրիկյանի երազանքը։ Հայաստանում հաստատվել է աշխարհի ամենադեմոկրատական կարգը։

Պատկերացնո՞ւմ եք, մարդը քաղաքի կենտրոնում, ոստիկանների ներկայությամբ, հայտարարում է, թե գնում է նախագահին սիկտիր անելու և «պաժառ» տալու, ու այդքանից հետո նրան թույլ են տալիս շարժվել դեպի իր բաղձալի նպատակը՝ ուղեկցելով դեպի Մաշտոցի պողոտա։

Պատկերացնո՞ւմ եք, մարդը ոստիկանության բարձրաստիճան չինովնիկի ներկայությամբ «բրոնեժիլետը» հագից հանում ու տալիս է որդուն, որպեսզի մահապարտ սպարտացիների նման գնա նախագահական նստավայրը «գմփցնելու», բայց նրա ձեռքերին անմիջապես ձեռնաշղթաներ չեն հագցնում։ Քիչ էր մնում՝ Օսիպյանն օգներ Շանթին որդուն «բրոնեժիլետ» հագցնելու գործում։

Պատկերացնո՞ւմ եք, մարդը հայտարարում է, որ բենզինով լցված շշերով հարձակվելու է ԿԳԲ–ի և մյուս ուժային հաստատությունների վրա, բայց նրան տեղում չեն ձերբակալում, այլ սպասում են մինչև «խլապուշկաները» փողոցում պայթեցվեն, մի քանի ոստիկան վիրավորվի, և նոր միայն անցնեն գործի։

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանին «պաժառ» տալու համար նախատեսված բենզինի մատակարարը եղել է «Ֆլեշ» ՍՊԸ–ն։ Չէ՞ որ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետական տենդերների հաղթողներն իր ընկերներն ու մտերիմներն են։ Իսկ այն, որ երեկվա «հեղափոխությունը» պետպատվերի շրջանակներում էր, չգիտեր միայն Շանթ Հարությունյանը։

Դե, եթե այսքանից հետո ասեք, որ Սերժ Սարգսյանը բարի չէ, հանդուրժող չէ, հոգու խորքում թունդ արևմտամետ չէ, ապա մեղք գործած կլինեք։

Շոուն շարունակվում է՝ հընթացս խժռելով իր զավակներին։ Հարությունյանը մի քանի օրով վերածվեց հեղափոխության Շանթարգելի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Դատելով ամեինց՝ «հեղափոխությունն» այնքան էլ թանկ չի նստել պետբյուջեի վրա։

Նախահաշիվը հետևյալն է՝

1. Փայտիկներ–15 հատ (Տիգրան Սարգսյանի ընկեր–բարեկամներին պատկանող արտադրամասերից բերված),

2. «Խլապուշկաներ»–20 հատ (առանց հատուկ էֆեկտների և ծուխ արձակող),

3. Դիմակներ–10 հատ (բազմակի օգտագործման),

4. Ռագատկաներ–20 հատ (գցեց ձորը),

5. Չնախատեսված ծախսեր։

Ահա և ամբողջ «սմետան»։

Այս խորագրի վերջին նյութերը