Լրահոս

06.11.2013 13:00


ՀՀ պետական բյուջեի ինն ամիսների հաշվետվությունը

ՀՀ պետական բյուջեի ինն ամիսների հաշվետվությունը

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 709.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.1% ով և 91.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը` նախորդ տարվա 101%-ի և 92%-ի դիմաց:

2012 թվականի ինն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում. այն կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)` նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
Հարկային եկամուտների և պետական տուրքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 100%-ով. ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 741.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.1%-ով կամ 113.6 մլրդ դրամով` նախորդ տարվա 8.7%-ի կամ 50.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ. այս հարկատեսակով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 177.5 մլրդ դրամ: Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 7.5% (49.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 3.7%-ի (23.4 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 659.4 մլրդ դրամ` 94%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.9%-ով կամ 48.1 մլրդ դրամով:
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են շուրջ 24.4 մլրդ դրամով` իննամսյա ծրագրով նախատեսված 41.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը