Լրահոս

06.11.2013 14:44


Գյումրիում դեկտեմբերի սկզբին կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք

Գյումրիում դեկտեմբերի սկզբին կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Գյումրու՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերակառուցման նպատակով կազմակերպվող հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքի կազմակերպմանը :

Նախաձեռնության հեղինակն է Շիրակ հայրենակցական միավորում ՀԿ-ն՝ Հայաստանի նկարիչների միության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

1988 թվականի երկրաշարժից քառորդ դար է անցել, սակայն Գյումրի քաղաքի՝ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վթարային դարձած շենքն այլևս չի ծառայում իր նպատակին:

Շիրակ հայրենակցական միավորումը իր մտահոգությունն է հայտնում այս կապակցությամբ և Շիրակի հանրաճանաչ նկարիչների ու քանդակագործների նախաձեռնող խմբի միջոցով Գյումրիում դեկտեմբերի սկզբին կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից գոյացած հասույթը կուղղվի Գյումրու նկարչական դպրոցի վերականգնմանը: Այս նախաձեռնությանը միացել են նաև Գյումրու քաղաքապետարանը և Հայաստանի նկարիչների միությունը:

Շիրակ հայրենակցական միավորման նախագահ Վարազդատ Ավոյանը, նկարիչներ Սամվել Սևադան և Հրանտ Թադևոսյանը կոչ արեցին ինչպես նկարիչներին, այնպես էլ գործարարներին ևս միանալ այս բարեգործական ակցիային:

1921թ Անդրկովկասի առաջին նկարչական դպրոցը, որը ոսկե տառերով է գրել իր էջը Հայաստանի գեղարվեստական դարավոր տարեգրության մեջ, անուշադրության է մատնված: «Օխտը պորտով գյումրեցի» Սերգեյ Մերկուրովի անունը կրող այս կրթօջախի հարկի տակ տասնամյակներ շարունակ գեղարվեստական կրթություն են ստացել և գեղարվեստի աշխարհ մուտք գործել արվեստի բազմաթիվ գործիչներ, անցյալի ու ներկայի հանրաճանաչ շատ նկարիչներ ու քանդակագործներ:

Այս խորագրի վերջին նյութերը