Մեկնաբանություն

06.11.2013 19:04


Հայկական «Մարսելյեզին» սպասելիս

Հայկական «Մարսելյեզին» սպասելիս

Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխության ու դրա արդյունքների մասին տարբեր կարծիքներ են հնչում՝ ծայրահեղ դրականից մինչև ծայրահեղ բացասական։

Ուշագրավնն այն է, որ Բաղրամյան 26–ի տակ կքած «անկախ» լրատվամիջոցները հիացական ծափահարություններ են շռայլում Շանթին, մինչդեռ «օֆիցիոզը» անարգանքի սյունին է գամում նրան։ Իսկ դա նշանակում է, որ իշխանական քարոզչաթիմը փորձում է աշխատել բոլոր «ֆռոնտերով»՝ իրեն հոգեհարազատ «մուտիլովկաների» մի ամբողջ «ծաղկեփունջ» հրամցնելով հանրությանը։

Պետք է նկատել, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիքի է Շանթի գործունեության մասին, մեկ հարցում ճնշող մեծամասնությունը համակարծիք է նրա հետ. Հայաստանում անհրաժեշտ է փոփոխություն (հեղափոխություն) և որքան այն ուշանում է, այնքան մեծանում է հավանականությունը, որ կունենանք բախումնային սցենար՝ արյունալի ելքով։ Ընդ որում՝ փոփոխության հետաձգումը մարտավարական ու կարճաժամկետ առումով Բաղրամյան 26–ին ձեռնտու լինելով հանդերձ՝ այնքան էլ ձեռնտու չի լինի երկարաժամկետում։

«Օրվա կուրսով» ապրող իշխանությունը կարող է ուրախանալ, որ հեղափոխությունը գալիս է Շանթ Հարությունյանի գլխավորությամբ ու դիմակներով, բայց եթե երկրում խորանում են խնդիրներն ու մարդիկ ելք չեն տեսնում, ապա հեղափոխությունը կգա անսպասելի պահի, առանց նախազգուշացման ու դիմակները դեն նետած։

Այդ ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը պետք է միայն իրեն մեղադրի, քանզի հեղափոխական ցնցումների պատվիրատուն բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում իշխանությունն է եղել (եթե երկրում ամեն ինչ կարգին է, ապա հեղափոխության մասին խոսք անգամ չի կարող լինել)։

Ֆիզիկայի օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ։ Ուժը ծնում է հակաուժ և եթե Սերժ Սարգսյանին ու իր մանկլավիկներին թվում է, թե «մուտիլովկաներով» կարողանալու են բավարարել փոփոխությունների պահանջը, ապա չարաչար սխալվում են։

Հայկական «Մարսելյեզի» ձայները կամաց–կամաց լսելի են դառնում։ Ասել է թե՝ գալու է պատասխան տալու ժամանակը։

Լյուդովիկոսն ու Մարիան 18–րդ դարի մայրամուտի ժամանակ նույնպես չէին հավատում, որ խիարը կարող է թարս բուսնել, բայց դե երկու անհատը, որքան էլ հանրային բարձր դիրքեր ունենան, չեն կարող պատմական օրինաչափության դեմն առնել։

Ամեն ինչ հիմա Սերժ Սարգսյանի ձեռքերում է։ Կա՛մ նա կգիտակցի, որ պետք է խաղաղ ու առանց ցնցումների հեռանալ, կա՛մ ստիպված կլինի գործ ունենալ անկանխատեսելի զարգացումների հետ։ Հայաստանի համար ցանկալին առաջին սցենարն է։ Սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան կարող է կատարվել իրական կյանքում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը