Մեկնաբանություն

07.11.2013 01:59


Շանթ ու որոտ՝ իշխանության կողմից

Շանթ ու որոտ՝ իշխանության կողմից

Դատելով իշխանական ճամբարի արձագանքներից, թվում է՝ Շանթ Հարությունյանի տապալված «հեղափոխությունը» առիթ էր, որպեսզի ՀՀԿ-ական վերնախավի անդամները հանրությանը բացահայտորեն հասկացնեին, թե՝ «տեղներդ վեր ընկեք ու մոռացեք Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի հերքում, որ դժգոհությւոն կա, բայց «Իշխանություններին քննադատելու համար որևէ երկրի պատիվ չբերող երևույթները չի կարելի արդարացնել»։

Նախ՝ եվրոպական երկրներում գրեթե ամեն ամիս տեղի են ունենում նման «երեւույթներ», ավելին՝ այնտեղ փողոցներում տեսնում ենք իրապես մարտական գործողություններ եւ զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվում են մեքենաների հրկիզումներով եւ լոկալ տարածքների ավերածություններով:

Բայց այդ երկրների իշխանությունները ոչ թե պատվից են խոսում, այլ՝ գիտակցում են, որ «ինչ որ բան ինչ-որ տեղ սխալ է» եւ փորձում են խնդիրներին լուծումներ գտնել:

Իսկ այստեղ, իշխող ուժի ներկայացուցիչները, մասնավորապես Շարմազանովը՝ անտեսելով իշխանության անգործության հետեւանքով առաջացած խնդիրները, փորձում է նման «երեւույթներն» արդարացնողներին հակադարձել, այսպես ասած՝ մշակութային հասկացություններով՝ «պատիվ»։

Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք ասել՝ մեր ժողովրդին պատիվ չի բերում նման իշխանությունը եւ հատկապես՝ Սերժ Սարգսյանի գոյությունը:

Միթե մեզ համար պատիվ է ապրել մի երկրում, որտեղ բոլոր ոլոլոլորտներում համատարած ձախողումներ են, մարդկանց սոցիալական վիճակը օրավուր դառնում է անտանելի, արտագաղթի տնտեսական ցուցանիշների մասին չարժե խոսել:

Պատվի մասին բարբառելուց հետո, Շարմազանովը խոսում է ժողովրդավարությունից. «Անկախ նրանից՝ ով է իշխանություն, ով է ընդդիմություն, բռնության կոչերը, փայտերով և ձողերով հարձակվելը, պայթուցիկներ շպրտելը ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունեն»։

Լավ, ենթադրենք, թե այդ ամենը ժողովրդավարության հետ կապ չունեն, սակայն իրապես ժողովրդավարական երկրներում, ինչպես արդեն նկատեցինք՝ նման ընդվզումներ տեղի են ունենում առնվազն ամենամսյա պարբերականությամբ եւ այնտեղ իշխանությունները չեն դիմում նման բարոյախոսության: Փոխարենը՝ փորձում են անել ամեն ինչ, որ իրենց դեմ քարով ու փետով ընդվզումները գոնե նվազեն:

Իսկ մեզանում՝ նախ պետք է ճշտել, թե որքանով է ժողովրդավարական մեր «Ապահով Հայաստանը» և որքանով է իրավական նորմերին համապատասխանում տոկոս «խփելը»։

Ընդհանրապես՝ ի՞նչ երկիր են կառուցում ՀՀԿ-ն, Սերժ եւ Տիգրան Սարգսյաննները: Ապահո՞վ, թե՞ ժողովրդավարական: Կարծում ենք՝ ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ծիծաղելի է համարում ամեն ինչ. «Քաղաքական բանտարկյալները նրանք են, որոնք քաղաքական ֆորմացիաներ են փոխում, մեր երկրում այդ խնդիրը չկա: Արդեն ծիծաղելի է դառնում քաղբանտարկյալ արտահայտությունը: Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»։

Դե, ճիշտ է ասում, էլի. Շանթը քանի որ «անմեղսունակ է» ուրեմն՝ նա չի կարող քաղբանտարկյալ համարվել, բացի այդ՝ ֆորմացիա չկարողացավ փոխել, քանի որ ուզածն ընդամենը նախագահականը «պայթեցնելն» էր: Իսկ, օրինակ Հայրիկյանը իսկական քաղբանտարկյալի սիմվոլ է, որին էլ 20 միլիոն նվիրեցին:

Տո ասա՝ ա՛յ Շանթ, էդ գրպանիդ «մարգանցովկայով» քեզ վնասեիր, էլի: Մի 20 միլիոն էլ կարող է քեզ տային: Համ էլ՝ ծրագրված շոուն, ինչից բեխաբար հայտնվել էիր դրա կենտրոնում՝ լիարժեք ու ավելի տպավորիչ կլիներ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, ապա, ըստ Գալուստ Սահակյանի. «Որեւէ իրավիճակ չի կարող ՀՀ-ում լինել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա»։

Բայց այն, իրավիճակը, որում հայտնվել են երկիրն ու ժողովուրդը Սերժ Սարգսյանի գործունեության շնորհիվ՝ արդեն իսկ հրաժարականի համար հիմնավոր պատճառ է հանդիսանում: Մինչդեռ, ըստ Գ. Սահակյանի նույնիսկ ավելի բեթար իրավիճակի դեպքում ոչ ոք չպետք է նման պահանջ ներկայացնի:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարում է, թե անընդունելի է անօրինականությունը, բռնությունը, բռնության կոչերը:

Երբ անօրինականություններից խոսում են անօրինական իշխանությունները, որոնք հիմնականում գործում են օրենքի եւ օրինավորության դեմ՝ պարզապես կարելի է անլուրջ համարել իշխանության ներկայացուցչի այս հայտարարությունը:

Ինչ վերաբերում է բռնության կոչերին, ապա իշխանության ներկայացուցիչների շուրթերից բազմիցս են հնչել նման կոչեր:

Վերջինը կառավարության անդամ, «Սյունաց արծիվների» ղեկավարի կոչն էր, ով հայտարարեց, թե պետք է Զ.Փոստանջյանին կենդանի այրել խարույկի վրա:

Էլ չենք խոսում նույն թեմայի շրջանակներում ՀՀԿ-ական պատգամավորների նմանատիպ կոչերի մասին: Եվ ոչ միայն հիշյալ առիթով:

Ինչեւէ, Շանթի «հեղափոխության» ձախողված փորձը իշխանության ներկայացուցիչների համար լավ առիթ էր բացահայտորեն սաստելու հանրությանը, թե չհամարձակվեք անգամ մտածել իշխնափոխության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին:

Մտքներիցդ հանեք՝ մենք հավերժ իշխելու ենք: Բոլոր բռնապետական ռեժիմներին, ի դեպ, բնորոշ է հավերժ իշխանություն ունենալու սինդրոմը։ Բոլորին թվում է, թե այն ինչ եղավ այլ ռեժիմների հետ, իրենց չի սպառնում։ Սակայն բոլորն էլ սխալվում են։ Խնդիրը ժամանակի ու տապալման գնի մեջ է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը