Լրահոս

25.07.2009 17:17


ՀՀ նախարարներն արձակուրդ չեն մեկնելու

ՀՀ նախարարներն արձակուրդ չեն մեկնելու

2009թ. հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կարևոր պաշտոնյաներն իրավունք չունեն այս ամռանը բացակայելու Հայաստանից։

«Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար։ Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական և ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք։ Այս մոտեցումն անընդունելի է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ և ՀՀ-ում։ Մեկ ամսվա դիմումներ խնդրում եմ չներկայացնել, և դուք էլ ձեր տեղակալներին հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու»,- ասել էր վարչապետը։

Այս կապակցությամբ «7օր»-ը մի շարք նախարարություններից փորձել է ճշտել՝ ՀՀ նախարարները պատրաստվո՞ւմ են մեկնել արձակուրդ, և նրանց որոշման վրա որքանո՞վ է Տիգրան Սարգսյանի պահանջն ազդել։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը մեզ տեղեկացրել է, որ նախարար Արմեն Գևորգյանն արձակուրդի մասին դեռևս չի մտածում։

-Այժմ մարզերի հաջորդ տարվա բյուջեներն են քննարկում, հիմա շատ զբաղված է, բայց հետո գուցե գնա,- ասել է նա։

Ա. Հայթայանը նաև փոխանցել է Արմեն Գևորգյանի խոսքերը՝ վարչապետի որոշումը մենք կատարում ենք և չենք քննարկում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանն էլ «7օր»-ին տեղեկացրել է, որ նախարար Ներսես Երցյանն առաջիկայում արձակուրդ չի մեկնելու, քանի որ աշխատանքային օրակարգը շատ ծանրաբեռնված է.

-Նախարարն անցած տարի էլ չի գնացել արձակուրդ։ Դա աշխատաո՞ճ ասեմ, ի՞նչ ասեմ։

Իսկ ավելի վաղ Ներսես Երցյանն ասել էր, որ եթե անգամ արձակուրդ գնա, ապա շատ կարճ ժամանակահատվածով կցանկանար ընտանիքի հետ միասին Հայաստանի տարածքով շրջագայել։

ՀՀ  արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը նույնպես արձակուրդ չի մեկնելու։

-Վարչապետի հորդորին է հետևում, և եթե նույնիսկ գնա էլ արձակուրդ, ապա երկրից դուրս չի գա, այլ անպայման երկրի ներսում կհանգստանա,- մեզ ասել է նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեռ չի որոշել և արձակուրդ մեկնելու դիմում չի ներկայացրել ՀՀ վարչապետին։

-Միգուցե օգոստոսին գնա։ Բայց դեռ չի որոշել՝ երկրի ներսո՞ւմ, թե՞ դրսում կհանգստանա,- ասել է հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Հարությունյանը։

Արձակուրդ չեն մեկնելու նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն էլ, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանի խոսքերով, պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին որևէ անգամ արձակուրդ չի գնացել։ Իսկ եթե հանգստացել է, ապա Հայաստանում և շաբաթ-կիրակի օրերին։

Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ արձակուրդ մեկնելու իրավունք չունեն գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։   

Իսկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հուլիսի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին 14 օրով արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, սակայն պատասխանը դեռևս չի ստացել։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը