Ոստիկանության պարզաբանումը Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ
«Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը:
Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…
Ավելին. միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը: ՄԻՊ-ի դիտորդական խումբը որևէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հետևյալը. «Ձերբակալված բոլոր 20 հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաև Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
Ստացվում է, որ ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ձերբակալվածները, ոչ ո՛ք՝ խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տևած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է «խոստովանում» բռնության «փաստը»: Ոչ ոք խնդիր չունի, բացի «ՀԺ»-ից, որն արդեն երկրորդ օրն է ստահոդ լուրեր է տարածում, թե Մաշտոցի պողոտայում կազմակերպված սադրանք է տեղի ունեցել: Գոնե վերջին երկու տարում ոստիկանությունը ապացուցել է, որ ոչ թե կազմակերպում, այլ բացահայտում է սադրանքները, և հասարակությունն էլ հրաշալի ճանաչում է թե՛ սադրիչներին, թե՛ իր ոստիկանությանը:
Ամեն դեպքում, վայել չէ նման էժան և ի սկզբանե ձախողված միջոցների դիմելը, իսկ թերթին առաջին անգամ չէ, որ խորհուրդ ենք տալիս թյուրիմացության մեջ չգցել իր ընթերցողներին:
Ոստիկանությունը համոզված է, որ իսկապե՛ս կպարզվի այս սադրանքի իսկությունը:
Ոստիկանության պարզաբանումը Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ