Լրահոս

08.11.2013 11:52


Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը ստորագրեցին Փոխըմբռման հուշագիր

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը ստորագրեցին Փոխըմբռման հուշագիր

Նոյեմբերի 7-ին կանադական Վիննիպեգ քաղաքում տեղի ունեցավ Կանադայի մարդու իրավունքների թանգարանի (ԿՄԻԹ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև Փոխըմբռման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված այս Փոխըմբռման պայմանագրով կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում: Այս համագործակցությունն օգտակար է նաև փորձի փոխանակման տեսանկյունից, ինչպես օրինակ երկու հաստատությունների նոր մշտական ցուցադրությունների մշակումը:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն (Stuart Murray): Ստորագրման արարողությանը ներկա էին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:
Պարոն Ստյուարտ Մյուրեն նշեց. «Հարգանք մարդու իրավունքների նկատմամբ դժվար է կառուցել, սակայն հեշտ՝ ոչնչացնել: Մարդու իրավունքներն ընդունող յուրաքանչյուր հասարակություն պետք է շարունակաբար աչալրջորեն խթանի և պաշտպանի այդ մարդկանց իրավունքները»,- և ավելացրել. «Մեզ համար շատ հաճելի է միացնել մեր ձեռքերը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հետ՝ խթանելու կրթությանը, իրազեկմանը և մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը»:
Իսկ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն իր խոսքում կարևորեց շեշտել. «Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների շատ կարևոր պատմություն է: Մարդկության դեմ հանցագործության հասկացությունն առաջացել է ի պատասխան հայ ժողովրդի դեմ իրականացրած մի շարք սարսափելի խախտումների: Այս համագործակցությունը կօգնի Հայոց ցեղասպանության պատմությունը հասցնել ավելի լայն լսարանի՝ ի շահ եկող սերունդների»:
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2014 թ. սեպտեմբերին: Երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նաև 2015թ. ՄԻԿԹ-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրության կազմակերպման շուրջ:
Կանադա կատարած այցի շրջանակներում ՀՑԹԻ տնօրեն Հ. Դեմոյանը հանդիպումներ ունեցավ Տորոնտոյի և Մոնրեալի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումներ անցկացնելու և ընդհանուր ռազմավարություն մշակելու հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը