Լրահոս

08.11.2013 12:50


Հայաստանում օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ

Հայաստանում օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ

2013թ. աշխատանքային պլանի համաձայն ս.թ. նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ռազմական կցորդների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես միջոցառումներին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ-ի, Ավստրիայի, Գերմանիայի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Չինաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Շաբաթվա ընթացքում, ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ, ռազմական կցորդների խումբը մասնակցել է ս.թ. նոյեմբերի 5-ին կայացած ՀՀ զինված ուժերի հետախույզի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ հաջորդ օրն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի մոտ գտնվող զորամասերից մեկը:

ՀՀ սահմանամերձ զորամաս այցի սկզբում զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Խաչատրյանը ճեպազրույց է ներկայացրել զորամասի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև տվյալ շրջանի սահմանամերձ գյուղական համայնքների ղեկավարները, ովքեր ներկայացրել են սահմանամերձ գյուղերի բնակչությանը հուզող խնդիրներն ու պատասխանել են հյուրերի հարցերին: Այցի շրջանակներում ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել այցելել նաև մարտական դիրքեր, ծանոթանալու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցելու նրանց հետ:

Հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, այցը շարունակվել է երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում, որտեղ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սարգսյանի կողմից ներկայացվել է ճեպազրույց զորամասի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվել է շրջայց զորամասի տարածքում:

Քառօրյա միջոցառումների արդյունքներն ամփոփվել են նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Ռազմական կցորդները Դ.Տոնոյանի հետ նախ կիսվել են իրենց տպավորություններով, այնուհետև հյուրերին են ներկայացվել իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքի մասին տեղեկություններ, տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսլականը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի երկրորդ շրջափուլի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև պատասխանել է հյուրերի հարցերին: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը` հետաքրքիր և հագեցած միջոցառում կազմակերպելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը