Մեկնաբանություն

08.11.2013 16:38


Դիտե՛ք Շանթի՛ «եթերում»

Դիտե՛ք Շանթի՛ «եթերում»

Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» ահագին բան ցույց տվեց, որոնցից կառանձնացնեի երկուսը։

1–ին

Դատելով հանրային արձագանքից՝ համարյա բոլորը կողմ են, որպեսզի այս իշխանություններին փայտերով ու ռագատկաներով հեռացնեն։ Բացի շարմազանովներից՝ այլոց դատապարտող հայտարարությունները չհնչեցին։

Զուտ իրավական տեսանկյունից մարդիկ հասկանում են, որ «փայտերի» ու «մարգանցովկաների» հեղափոխությունը քրեորեն պատժելի է, բայց եթե Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել 10 զոհի գնով, եթե Լիսկայի տան բակում մարդ են սպանում ու ազատ արձակվում, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը կրակում ու ոտքից վիրավորում է իր թիկնապահին և պատասխանատվություն չի կրում, եթե նույն վարչապետը օֆշորային գործարքների մեջ է մտնում, ու դատախազությունը նրան նույնիսկ չի հրավիրում հարցաքննության, եթե պետբյուջեն ամենավերին մակարդակով թալանվում է, ապա փայտերն էլ են լեգիտիմ դառնում այս իշխանության դեմ պայքարում, «խլապուշկաներն» էլ։

2–րդ

Շանթի «հեղափոխությունը» ջրի երես հանեց այն գզվռտոցը, որն առկա է իշխանության տարբեր թևերի միջև։ Պարզ դարձավ, որ Սերժի շրջապատում իրար են ուտում ու պատրաստ են միմյանց վրա «բոչկա» գլորել։ Այդ ուտոցին միշտ էլ կար, բայց այսքան բացահայտ տեսք չէր ստացել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես էին «անկախ» լրատվական ցանցի այս կամ այն շրջանակներն անդրադառնում Շանթի «հեղափոխությանը», կարելի է ասել, որ իշխանության սերժատիրացուախառը թևը փորձում է հարվածել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Արդեն «զռռում» է, որ, օրինակ, «Lragir.am»–ը, որը Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայություններն էր արդարացնում, և որն այժմ կոկորդիլոսի արցունքներ է թափում Շանթի չհաջողված «հեղափոխության» թեմայով, գլխավորում է հակավովայական քարոզարշավը։

Թամաշային միացել է նաև «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը, ով նման իրավիճակներում միշտ հայտնվում է իշխանական այս կամ այն շրջանակի տիրույթում և ուրույն ծառայություններ մատուցում՝ հընթացս փորձելով արմատական թվալ։ Հիշենք թեկուզ Վարդան Օսկանյանի «գործի» ժամանակ Նիկոլի պահվածքը, երբ նախկին արտգործնախարարի դեմ նա հանդես էր գալիս ավելի մեծ էնտուզիազմով, քան Աղվան Հովսեփյանը։

Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին է հակահարձակվում։ Բոլորը բացահայտել են իրենց աջակցող լրատվամիջոցներին ու «ֆեյքերին» և անցել գրոհի։

Մի խոսքով, «կաշը» գնում է։ Իսկ թե ինչու է այդպես ստացվել, դժվար չէ գլխի ընկնելը։ Ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած իշխանության հույսը «մուտիլովկաներն» են։ Բաղրամյան 26–ում հենց դրանով էլ զբաղվում են։ Տիգրան Սարգսյանն էլ հետ չի մնում։ Իսկ նման դեպքերում «հեղափոխությունը» փրկօղակի պես մի բան է դառնում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ի դեպ, Շանթ Հարությունյանի մասին։ Նման մարդիկ էքսցենտրիկ են, ու նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել նրանց Գեղամյանի դերում։ Ասել է թե՝ հաճախորդության թեման պետք է փակել։ Բայց մի բան է Շանթն իր «սպարտացու» հոգեվիճակով, իսկ մեկ այլ բան է «հեղափոխությունը», որն ուղղորդվում էր սադրիչներով ու կազմակերպվում վերևից։

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հոգու խորքում Շանթ է և ուզում է «պաժառ» տալ սրանց։ Այնպես որ, կոտլետներն ու ճանճերը պետք է իրարից տարանջատել։

Այս խորագրի վերջին նյութերը