Լրահոս

27.07.2009 13:55


Աղվան Հովսեփյան. «Մի շարք փաստաբաններ ավելի շատ քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ»

Աղվան Հովսեփյան. «Մի շարք փաստաբաններ ավելի շատ քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ»

-Ցավոք, մի շարք փաստաբաններ ավելի շատ, ուղղակի, քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ։ Այս ամենը քրեադատավարական հարաբերություններից, օրենքի կարգավորման ոլորտից դուրս է,-2009թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքերի հաշվետվության ժամանակ ասել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Նույն կարծիքն ունի նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը։

-Առանձին փաստաբաններ շարունակում են իրենց պարտականությունների կատարման իմիտացիա ստեղծելու՝ արդեն ավանդույթ դարձած մարտավարությունը։ Ոմանք իրենց վարքագծով ուղղակի խոչընդոտում են քրեական գործի օբյեկտիվ քննությանը, նպաստում նախաքննության անհարկի ձգձգմանը։ Երբեմն, պաշտպանյալների հետ համաձայնեցնելով (որոշ դեպքերում չարաշահելով նրանց վստահությունը), որոշ փաստաբաններ ներկայացնում են օրենքից չբխող, խայտաբղետ ու ինքնանպատակ միջնորդություններ, ավելին, երբեմն նաև անհարգելի պատճառներով չեն ներկայանում անհարժեշտ քննչական գործողությունների կատարմանը, ողջամիտ ժամկետներում չեն ծանոթանում քրեկան գործի նյութերին, որոնց հետևանքով արհեստական դժվարություններ են առաջանում։ Բանը հասել է նրան, որ որոշ փաստաբաններ սկսել են մեկտեղել փաստաբանական գործունեությունն ու քաղաքականությունը՝ հանդես գալով քաղաքական տիտղոսներով, միջնորդությունների անվան տակ ներկայացնելով քաղաքական հայտարարություններ։ 

ՀՀ գլխավոր դատախազի խոսքերով՝ ՀՀ-ում փաստաբանական ծառայությունները կայացել են այնքանով, որքանով։ Այս կապակցությամբ նա ցավ է հայտնել՝ ասելով.

-Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ, որակյալ փաստաբանական ծառայություններ, արժանի հակառակորդներ ունենայինք՝ օրենքի սահմաններում աշխատող, իրենց իրավաբանական գիտելիքները դրսևորող, ոչ թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ ցույց տալ, թե՝ տեսեք ես ինչ լավն եմ, դուխով պաշտպանում եմ։

Այս գործելաոճը, ըստ Ա. Հովսեփյանի, այդ փաստաբանների պաշտպանյալներին ոչ մի օգուտ չի բերում, այլ հակառակը՝ օրինակ երբեմն դատարանն ավելի խիստ է վերաորակում ամբաստանյալի արարքները և այլն։

-Եթե փաստաբանն ուղղակի ցուցադրական մեթոդներով դատարանում զորբայությամբ է փորձում պաշտպանել իր ամբաստանյալին, դա զուտ ոչ թե պաշտպանություն է, այլ իր իմիջը ձևովելու համար է արվում։ Առանձին փաստաբաններ սա դարձրել են ձեռագիր։ Գլուխը քարը, թե ի՞նչ պատիժ կստանա իր պաշտպանյալը, ի՞նչ հոդվածով կդատապարտվի, դրա մասին ամենևին էլ չեն մտածում։ Մի քանի փաստաբանների դա հաջողվել է, այն առումով, որ ժողովրդի մեջ տարածում է գտել, թե՝ տեսեք ի՞նչ փաստաբան է, ո՞նց կարող է գորգոռալ կամ աղմկել դատարանում,- հավելել է Ա. Հովսեփյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը