Լրահոս

27.07.2009 14:54


Մարտի 1–ի գործով միջազգային կառույցներին հատորներով տեղեկատվություն է ներկայացվել

Մարտի 1–ի գործով միջազգային կառույցներին հատորներով տեղեկատվություն է ներկայացվել

Հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչությունից տեղեկացրել էին, որ պարզվել է «Չերյոմուխա-7» զինատեսակն օգտագործած ենթասպաների ինքնությունը։ Այս կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 2 քրեական գործ։

Թե ինչո՞ւ քրեական գործերն ավելի վաղ չէին հարուցվում, «7օր»-ը փորձել է ճշտել մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից։

-Ավելի շուտ չէր հարուցվում, որովհետև չկային լիարժեք դրա հիմքերը, այդ կապակցությամբ կա դատախազի ցուցումը՝ դատավարական հսկողություն իրականացնող, ու հարուցվել է այդ քրեական գործը։ Արդեն քննությունը կշարունակվի, ընթացքը կերևա,-պատասխանել է նա՝ ասելով, որ այսքանով սպանությունների իրականացման մասով գործը փակված համարել չի կարելի, «քննությունը շարունակվում է, և կարող են ի հայտ գալ ցանկացած այլ տեսակի հանգամանքներ»։

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի խոսքերով էլ՝ մարտի 1-ի կապակցությամբ հարուցված քրեական գործով ներպետական և արտերկրի տարբեր պետական և ոչ պետական հասարակական, միջազգային կառույցներին ներկայացվել է 100-ից ավելի տեղեկատվություն, ընդ որում՝ դրանք եղել են հատորներով՝ թարգմանված վիճակում։

Ինչպես նաև, այս գործի հետ կապված՝ Հայաստանում առաջին անգամ նշանակվել է դատահոգեբանական և լինգվիստիկական համալիր փորձաքննություն՝ պարզելու զանգվածային անկարգությունների առանձին կազմակերպիրչների ելույթներում կա՞ն, արդյոք, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու հրապարակային կոչեր, կամ կոչեր՝ զուգորդված որոշակի խումբ անձանց նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանելու հետ և այլն։

Այս նպատակով՝ հայաստանյան մասնագետները մեկնել են Մոսկվա՝  վերապատրաստման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը