Լրահոս

27.07.2009 15:02


Արցախում պե՞տք են խաղաղապահ ուժեր

Արցախում պե՞տք են խաղաղապահ ուժեր

-Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կովկասյան որևէ հակամարտությունում կլինի,- պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ «Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործընթացում և, մասնավորապես, ինչպե՞ս կգնահատեք, եթե ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը լինեն Արցախում և խաղաղապահ գործունեություն իրականացնեն» հարցին։ Պատգամավորն իր ասածը մեկնաբանել է այն հանգամանքով, որ եթե ՆԱՏՕ-ն այդպիսի ցանկություն ունենար, ապա 2008թ. կմասնակցեր Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այնպես որ, ըստ Սաֆարյանի, ՆԱՏՕ-ն շահագրգռվածություն չունի։

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա. «Մենք կտրականապես դեմ ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը, և ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ցանկացած խաղաղապահ առաքելության, եթե այդ խնդիրը կիսալուծումներ է ստանալու։ Դատելով այսօր ղարաբաղյան խնդիրի կարգավորման վերաբերյալ հրապարակված սկզբունքների բովանդակությունից՝ ՀՀ իշխանությունները համաձայն են խնդրի կիսատ-պռատ  լուծմանը, և այս իրավիճակներում, երբ խնդիրը չի դրվում հստակ, բնականաբար ոչինչ չի մնում, քան նաև համաձայն լինել ինչ-ինչ խաղաղապահ ուժերի ներկայությանը՝ դա կլինի ՀԱՊԿ, դա կլինի ՆԱՏՕ, թե այլ ուժ»։

-Մենք որևէ տեղ  չգիտենք, որտեղ խաղաղապահներից շատ մեծ գոհունակություն է հայտնում տեղի բնակչությունը,-եզրակացրել է Ս. Սաֆարյանը։

Հանդիպման մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, նույն հարցի վերաբերյալ տվել է հետևյալ պատասխանը.

-Իրականում դրա անհրաժեշտությունը չի լինի, որովհետև մեր պաշտպանության նախարարությունը և մեր ռազմական ուժերն իրենց աշխատանքով և մարտունակությամբ ցույց են տվել, թե ինչքան պրոֆեսիոնալ են և իրենց հնարավորություններով կարող են այդ անվտանգությունը պահել, և որևէ խնդիր չի առաջանալու այլ ուժերի ներկայության համար։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա ղարաբաղյան հարցով իրենք երբևէ դիրքորոշում և հայտարարություն չեն արել, պարզապես նրանք կողմ են Մինսկի խմբի հայտարարություններին ու սկզբունքներին: Այսինքն, այդ հարցը իրենք թողել են Մինսկի խմբին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը