Լրահոս

10.11.2013 12:24


Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման մասին, բայց ոչ միայն և ոչ այնքան

Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման մասին, բայց ոչ միայն և ոչ այնքան

Փաստաբան Վահե Գրիգորյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Նրանց, ում «խորհրդակցական սենյակ» բառակապակցությունը ոչինչ չի ասում պարզաբանեմ հասարակ լեզվով: Ուրեմն սա դատավոր(ներ)ի կողմից գործով կայացվելիք որոշման/ակտի վերաբերյալ խորհրդակցության կամ քննարկման (եթե դատական կազմը կոլեգիալ է՝ կազմված է մի քանի հոգուց) կամ ուսումնասիրության եւ մտորման (եթե ակտը կայացվում է դատավորի կողմից՝ միանձնյա) համար նախատեսված առանձնացման ռեժիմն է: Այն բառացիորեն կարող է լինել նաեւ սենյակի տեսքով (մասնավորապես՝ դատավորի աշխատասենյակի կամ այդ նպատակի համար առանձնացված սենյակի ձեւով): Բայց սա չէ կարեւորը: Իսկ կարեւորը հետեւյալն է. Խորհրդակցական սենյակի գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով եւ խստագույնս պատժվում է դրա խախտումը: Խորհրդակցական սենյակի գաղտնիության վերաբերյալ օրենքի նման կատեգորիկ նորմի խախտումը կարող է հանգեցնել նաեւ կայացված ակտի բեկանման/վերացման/փոփոխման: Ավելին` դատավճիռների դեպքում, դրանք ամեն դեպքում ենթակա են բեկանման, եթե խախտվել էր խորհրդակցական սենյակի գաղտնիությունը: Մյուս կողմից՝ խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտումը դատավորի կողմից կարող է հանգեցնել ուղղակի եւ ծանր հետեւանքների նաեւ հենց նրա համար:

Հուսով եմ մոտավորապես կարողացա այս մի քանի նախադասությամբ փոխանցել թե ինչ ասված է խորհրդակցական սենյակ: Չեմ ցանկանում այլեւս կենտրոնանալ այս իրավական ինստիտուտի բացառիկ կարեւորության եւ դրանով նախատեսված երաշխիքների վրա:

Ուրեմն, այսօր մինչեւ քաղաքացի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու թույլտվության վերաբերյալ քննիչի միջնորդությունը խորհրդակցական սենյակում կքննվեր ոմն դատավորի կողմից (չգիտեմ անունը, կարեւոր չէ, ով գիտի ավելացրեք), մի քանի լրատվամիջոց հրապարակել է տեղեկատվություն հետեւյալ բովանդակությամբ. Վարդան Պետրոսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է (գուցե ոչ բառացի փոխանցեցի, բայց նույն բովանդակությամբ):

Լրատվամիջոցների ցանկը սպառիչ է եւ դրանց կարող էք ծանոթանալ ստորեւ նշված ՖԲ-յան իմ ընկեր Հասմիկ Համբարձումյանի էջում (մասնագիտական զգուշությանը հագուրդ տալով, ինքս նույնպես դրանք պահել եմ իմ կրիչի վրա): Դրանք են.

www.haynews.am

www.1in.am

www.lurer.com

www.slaq.am

www.operativ.am

www.araratnews.am

www.a1plus.am

Հարց. Ինչպե՞ս կարող էին լրատվամիջոցները տեղյակ լինել խորհրդակցական սենյակում այն որոշման բովանդակությունից, որը դեռ կայացման փուլում էր խորհրդակցական սենյակում:

Խնդում եմ ուշադրություն դարձնել, որ այս հարցի պատասխանը կարող է լինել հետեւյալ ցանկում եղած տարբերակներից՝ ՄԻԱՅՆ.

1. Նախագահող դատավորը խախտել է խորհրդակցական սենյակի գաղտնիքը եւ այս տեղեկատվությունը տրամադրել ԶԼՄ-ներին կամ որեւէ երրորդ անձի մինչեւ որոշման հրապարակումը, որից հետո էլ ԶԼՄ-ները հրապարակել են այն.

2. ԶԼՄ-ները կամ դրանցից որեւէ մեկը կամ որեւէ 3-րդ անձ խախտել է/են խորհրդակցական սենյակի գաղտնիությունը եւ ձեռք բերել այդ տեղեկատվությունը մինչեւ դրա պաշտոնական հրապարակումը.

3. Դատարանի որոշման բովանդակությունը ԶԼՄ-ներին եւ դատարանին հասել է նույն աղբյուրից, այսինքն՝ դատարանը չի եղել այդ որոշման կայացնողը, այլ դրան թելադրել են այլ վայրից: Այն նույն վայրից, որտեղից այն հասել է լրագրողներին: Իսկ ԶԼՄ-ներն էլ չեն խախտել խորհրդատվական սենյակի գաղտնիությունը: Ուղղակի ԶԼՄ-ներին եւ դատարանին որոշման մասին տեղեկացնող աղբյուրը հրապարակող ԶԼՄ-ներին՝ անփութության պատճառով (դե Բաղրամյանի վրա հիմա ըտենց ստից բաների հետեւից ընկնող չկա, բոլորն են խառը, գիտեք երեւի) բավարար հրահանգավորում չի իրականացրել տեղեկատվության հրապարակման պահի եւ պայմանների վերաբերյալ, որպեսզի նրանք հանկարծ ագահությանը հագուրդ տալով չհրապարակեին տեղեկատվությունը մինչեւ որոշման պաշտոնական հրապարակումը նախագահող դատավորի կողմից.

4. Վերը նշված ցանկում նշված ԶԼՄ-ները չեն խախտել վերը դատարանի խորհրդակցական սենյակի գաղտնիությունը, այլ դրսեւորել են ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունք՝ փորձելով գուշակել դատարանի որոշումը այնպիսի հանրային կարեւորություն ներկայացնող գործում, ինչպիսին սա է (սույն գործի հանրային կարեւորությունը ծանր հետեւանքների առկայությունն է, տուժող կողմի եւ նրա վարքի վրա անպատասխանատու լրատվության անկանխատեսելի, չի բացառվում նաեւ անդառնալի հետեւանքները, որոնք կարող են ծանր լինել հենց մեղադրվողի վարքի եւ անձի համար՝ նույնպես):

Այսպիսով, իմ լրագրող եւ ոչ միայն լրագրող ընկերներ, հետաքննություն կանցկացնե՞ք, պարզելու համար թե այս 4 հավանական պատասխաններից, որ մեկն է իրականը այս դեպքի համար:

Խնդում եմ նաեւ հաշվի առնել, որ

ա) ամեն դեպքում, սույն պատասխաններից 1-ին եւ 3-րդ տարբերակների իրական լինելու դեպքում նախագահող դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ առնվազն լիազորությունների դադարեցմամբ:

բ) 2-րդ տարբերակի դեպքում խոհրդակցական սենյակի գաղտնիությունը խախտած անձի անունը եւ այդ խախտման եղանակը պետք է հանրությանը հրապարակվի:

գ) 3-րդ տարբերակի դեպքում դատավորի հետ մեկտեղ պետք է պատասխանատվություն (այս անգամ արդեն՝ քրեական) կրի նաեւ այն անձը, որը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է:

Ամեն դեպքում, վերը նշված տարբերակներից 1-ինից մինչեւ 3-րդի դեպքում Վարդան Պետրոսյանին կալանքի տակ վերցնելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09/11/2013թ.-ի որոշումը կայացվել է քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ եւ էական խախտմամբ, հետեւաբար եւ ենթակա է վերացման հենց միայն խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտման՝ որպես քրեական դատավարության օրենքի էական խախտման հիմքով (հըն, Նիկոլայ Բաղդասարյան):

Փաստորեն, մեկ բարեխիղճ լրագրողը այս ողջ գործի (չի բացառվում, որ նաեւ՝ քրեական) կեսից ավելին մեկ ՖԲ-յան հրապարակմամբ արդեն քննել, ապացույցները հավաքել եւ տեղեկատվական բազան ապահովել է: Հարգանքներս՝ Հասմիկ Համբարձումյանին:

Դեռ մարդ կա որ այն կարծիքին չի, որ մնացել է ընդամենը մի քանի ժամվա պարզագույն տեխնիկական աշխատանք՝ այս պատմության մեղավոր(ներ)ին ջրի երես հանելու համար՝ այդ ամենին դատավարական հստակ եւ պատշաճ ձեւակերպումներ տալով եւ պատասխանատվության ենթարկելով:

Լրագրողական անգրագիտությունը՝ տերմինների ընտրության հարցում փաստարկ չբերել, կամ էլ բերելուց՝ խնդրում եմ՝ անվանապես: Թե չէ մի տեսակ չի ստացվում 7 լրատվամիջոց այս աստիճան միանշանակությամբ անգրագիտության բերումով նման բան անեն:

Հ.Գ. մասնագիտական բնազդիս հուշելով հիմնավոր կասկածներ ունեմ, որ էն 3-րդ տարբերակի հետ կապված բավական բարձր հավանականություն կա, եթե հանկարծ այդ հրապարակումն արած ԶԼՄ-ն եւ անձամբ լրագրողը հրապարակայնորեն իր թույլ տված կոպիտ սխալի մասին ներողություն չխնդրի» :

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել` երկու մարդու մահվան ելքով: Վթարի ենթարկվածների թվում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և վիրահատվել: Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել:

Այս խորագրի վերջին նյութերը