Լրահոս

27.07.2009 16:04


ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ. «12 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել»

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ. «12 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել»

-2009թ. առաջին կիսամյակին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 105 քրեական գործ, որոնցից 31-ը (57 անձի նկատմամբ) ուղարկվել է դատարան, կարճվել է 16-ը, կասեցվել՝ 8-ը, ուղարկվել այլ մարմին՝12-ը, միացվել՝ 6-ը, անավարտ է մնացել 32-ը,-այս մասին ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը՝ 2009թ. առաջին կիսամյակին ՀՀ հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքների հաշվետվության ժամանակ։

Ըստ բնույթի՝ դատարան ուղարկված քրեկան գործերից 11-ը եղել է պետական ծառայության, 5-ը՝ բնակչության առողջության, 4-ական՝ կյանքի և առողջության, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների, սեփականության, 2-ը՝ կառավարման կարգի, 1-ը՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ։

12 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները գերազանցելու, կաշառք ստանալու և կաշառք տալու համար։ Նրանցից 6-ը եղել են Ոստիկանության, 4-ը՝ ՀՀ արդարադատության (այդ թվում՝ ԴԱՀԿ և ՔԿՀ՝ 2-ական) և 1-ական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներ։

Ա. Միրզոյանը նաև ասել է, որ Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում դեռևս կան որոշակի թերություններ և չլուծված խնդիրներ, որոնք կրում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ։ Մասնավորապես, առկա են նախաքննության ժամկետների չպատճառաբանված ձգձգման փաստեր, ծառայության ոչ բոլոր աշխատակիցներն են ապահովված առանձին աշխատասենյակներով, դեռևս չի լուծվել Հատուկ քննչական ծառայության շենքի հարցը։

-Գլխավոր դատախազության շենքում գտնվելու հանգամանքը կարծիք է ձևավորում, թե քննչական ծառայությունը դատախազությանն առընթեր մարմին է, ու մեզ մինչև օրս գրագրություններ են հղում (չեն մոռանում նաև շնորհավորել դատախազության կազմավորման օրվա առթիվ),- ասել է Ա. Միրզոյանը՝ հավելելով նաև, որ թերություններից կամ, ինչպես նա է որակել, հիվանդություններից մեկն էլ այն է, որ քրեական գործերով անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու հանգամանքները պարզելու և այդպիսիք վերացնելու համար համապատասախան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելուն։

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ հավելել է, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ «թամբալություն», քանի որ հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու հանգամանքները պարզելն ու դրանք վերացնելը երբեմն համարվում է երկրորդական։ Այս կապակցությամբ Ա. Հովսեփյանը ցուցում է տվել քրեական գործերը դատարան ուղարկելուց առաջ անպայման պահանջել, որ բացահայտված լինեն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու հանգամանքները պարզելն ու դրանք վերացնելը,և գուցե նման «չոր աշխատաոճը» քննիչներին ստիպի կատարել օրենքով սահմանված պարտավորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը