Հարցազրույց

27.07.2009 17:57


Կարեն Բեքարյան.

Կարեն Բեքարյան.

Հարցազրույց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար,  Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանի հետ

-Այսօր Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները Մադրիդյան սկզբունքներին տարբեր գնահատականներ են տալիս։ Մի կողմից դրանք որակվում են որպես հայոց պետականությունը վտանգող, մյուս կողմից էլ տեսակետներ են հնչում, թե այդ սկզբունքները համընկնում են մեր շահերին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են Մադրիդյան սկզբունքները։

-Գնահատական տալու համար, կարծում եմ, պետք է իրարից անջատել երկու գործընթաց։ Այսինքն, առաջինը՝ որպես ուղղակի նոր փաթեթ՝ Մադրիդյան սկզբունքները և մոտեցումները նրանց նկատմամբ։ Առանձնացված մնացած բոլոր բանակցություններից, եղած առաջարկներից անջատված՝ Մադրիդյան սկզբունքներ։ Բնականաբար,  Մադրիդյան սկզբունքներում կան մարտահրավերներ։ Այդտեղ կան խնդիրներ, որոնք, իսկապես, մտահոգվելու տեղիք են տալիս։ Փորձեմ անդրադառնալ դրանցից ամենաէականներին։ Նախ՝ ազատագրված տարածքների՝ այդ անվտանգության գոտու հանձնման խնդիրը, որը Մադրիդյան սկզբունքներում առաջին կետով է գնում։ Երկրորդ բավական մտահոգիչ դրույթը փախստականների  վերդարձն է, որը բավական անորոշ հեռանկարով է և հստակեցված չէ, թե որ տարածքներն են նրանք վերադառնալու։ Երրորդը և միգուցե ըստ կարևորության առաջինը՝ ԼՂՀ կարգավիճակի ոչ լիարժեք հստակեցումն է՝ թե՛ որպես միջանկյալ՝ ժամանակավոր, թե՛ որպես վերջնական։ Այսինքն, սրանք շատ բնական մտահոգություններ են։

-Ստացվում է, որ Մադրիդյան սկզբունքները, իսկապես, վտանգավոր դրույթներ պարունակում են...

-Այստեղ պետք է հիշել կարևոր մեկ հանգամանք։ Ոչ մեկը չի ասել, թե հայկական կողմը հենց այս ձևով տվել է համաձայնություն Մադրիդյան սկզբունքներին։ Այստեղ կա երկու էական տարբերություն։ Ընդունել սա որպես բանակցային հիմք, և ընդունել որպես փաստաթուղթ։ Սրանք շատ տարբեր բաներ են։ Մշտապես ասվել է, որ Հայաստանը պատրաստ է այս սկզբունքների շուրջ բանակցելու։ Կան բազմաթիվ դրույթներ, որոնք շարունակում են փակ մնալ։ Այսինքն, ընդհանրական պատկերը հասկանալը շատ բարդ է լինելու։

-Այնուհանդերձ, մենք բանակցում ենք մի փաստաթղթի շուրջ, որը, Ձեր իսկ դիտարկմամբ, պարունակում է մեզ համար մտահոգիչ դրույթներ։

-Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը ցույց տվեց մի շատ էական հանգամանք։ Հայաստանի իշխանությունները, բանակցողները սեփական հասարակության նկատմամբ (սեփական ասելով՝ նկատի ունեմ նաև ԼՂՀ-ն ներառյալ) եղել են շատ ավելի ազնիվ, քան Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակության նկատմամբ։

-Այսինքն, ուզում եք ասել, որ իշխանությունները հասարակությանը նախապես տեղյա՞կ են պահել, թե բանակցային սեղանին ինչ բովանդակությամբ փաստաթուղթ է դրված։

-Հայաստանի իշխանությունները, մինչև Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը, գոնե նրանց հիմնական կետերի վերաբերյալ ինչ-որ ձևով, իրենց կամ եռանախագահների կողմից, բացահայտումներ արել են։ Այսինքն, նրանք չեն գնացել բացահայտ կեղծիքի։ Ի տարբերություն Ադրբեջանի, օրինակ՝ հանրաքվեի հետ կապված այդ կետի, որտեղ գործ ունենք բացահայտ կեղծիքի հետ։ Սա հարակից բան եմ ասում, որը պարզապես կարելի է ֆիքսել։ Հիմա ամենակարևորը՝ շատ էական է Մադրիդյան սկզբունքները դիտարկել մինչ այդ եռանախագահների կողմից առաջարկած փաթեթների ընդհանրության կամ դինամիկայի մեջ։ Եթե այդ տեսանկունից անալիզ արվի՝ մի կողմ դնելով Փարիզ- Քի Ուեսթը, որն այդպես էլ չդարձավ գաղտնաղերծված փաստաթուղթ, ապա համեմատության մեջ կստացվի փաթեթ, փուլ, ընդհանուր պետություն և Մադրիդյան սկզբունքներ, որոնցից յուրաքանչյուրը հետո հասարակության համար դարձել է հնարավոր քննարկումների առարկա։ Մադրիդյան սկզբունքները բանակցային այդ ճոճանակի մեջ էականորեն տարբերվում են։

-Դրակա՞ն իմաստով։

-Նախորդ փաստաթղթերից ոչ մեկում չի եղել հստակ ամրագրում կարգավիճակային խնդիրների այս մոտեցման վերաբերյալ։ Այսինքն, միջանկյալ կամ ժամանակավոր կարգավիճակ, և ամենակարևորը՝ հետագա սեփական ճակատագրի որոշում, կամաարտահայտման անպայման հաշվի առնելը։ Նախորդ փաստաթղթերում որևէ տեղ այս իրավիճակը չկա։ Ի դեպ, չենք տեսնում նաև հետևյալը. եթե նախորդ բոլոր փաստաթղթերում միջազգային իրավունքի սկզբունքներից դոմինանտը տարածքային ամբողջականությունն է, ապա այս փաստաթղթում դոմինանտ չկա։ Նրանում մանևրելու տեղը շատ ավելի մեծ է, քան կային մյուս փաթեթների մեջ։

-1998թ. մերժվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը։ Ստացվում է, որ այսօր մենք կրկին փորձում ենք գնալ այս ճանապարհով։

-Եթե հիշում եք, դեռևս այն ժամանակ, երբ տարբեր ուժերի կողմից փուլային տարբերա՛կն էլ մերժվեց, փաթեթայի՛նն էլ, առաջացավ բավական հետաքրքիր խնդիր, որը և՛ շոշափվում էր եռանախագահողների կողմից, և՛ քննարկվում էր փորձագիտական հանրության շրջանակներում։ Վերջ ի վերջո, սա պետք է լինի փաթեթ, իր մեջ պարունակելու է փուլեր։ Այսինքն, Մադրիդյան սկզբունքներ ասածն այդ տարրը պարունակում է։ Այն մի կողմից փաթեթ է, մյուս կողմից էլ պարունակում է առանձնացված հստակ փուլեր։

-Չե՞ք կարծում, թե այսօր Հայաստանի հանրությանը տարբեր եղանակներով փորձ է արվում հրամցնել ազատագրված տարածքների հանձնման անխուսափելիության գաղափարը, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, թե Ղարաբաղը երբեք չի անկախանա, տարածքներն էլ, անկասկած, վերադարձվելու են։

-Ադրբեջանի հետ համեմատած՝ Հայաստանն ունի ժողովրդավարության ավելի բարձր աստիճան։ Եվ բոլոր բանավեճերին, քաղաքագիտական քննարկումներին ես վերաբերվում եմ բավական նորմալ, եթե մարդիկ այդ քննարկումների մեջ ազնիվ են։ Այստեղ կա էական խնդիր։ Եթե մարդիկ փորձում են իրական բանակցային գործընթացը վերափոխել բաժակաճառի, ապա դա ինձ համար անընդունելի և ռադիկալ է։ Եթե մարդիկ փորձում են հանդես գալ պարտվողական դիրքերից՝ թե ամեն ինչ տանք, միայն թե ղարաբաղյան խնդիրը լուծվի, նույնչափ անընդունելի և ռադիկալ է ինձ համար նաև դա։ Հետևաբար, պետք է լինեն առողջ բանավեճի տարրեր, որոնք բանակցողի համար սեփական հասարակության կարծիքն իմանալու բավական լավ միջոց են։ Չգիտեմ, միգուցե ես չափից ավելի լավատես եմ, բայց ինձ թվում է, թե մեր հանրությունը ղարաբաղյան հարցում կոնսենսուս ունի։ Որևէ կերպ միակողմանի զիջումներ չեն կարող լինել։ Հնարավոր չէ խոսել ինչ-որ բան վերադարձնելու մասին, երբ դեռ անհայտ է Ղարաբաղի կարգավիճակը։

-ԵԱՀԿ Մինսկի համանախագահները չեն բացառել, որ մոտ ապագայում Մադրիդյան սկզբունքների հիման վրա, հնարավոր է, ստորագրվի շրջանակային համաձայնագիր...

-Ես մոտ ապագային վերաբերող խոսակցություններին և պնդումներին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում։ Այստեղ կարող է լինել մեկ բացառություն՝ երբ տարածաշրջանային խնդիրների շուրջ լինի ինչ-որ սրացում. ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, այլ ընդհանրապես Հարավային Կովկասում։ Օրինակ, կրկին՝ Վրաստան-Ռուսաստան։ Այդ պարագայում, միգուցե, եռանախագահողները ոչ թե հանդես գան առաջարկով, այլ նույնիսկ որոշակի ճնշում գործադրեն կողմերի վրա։ Այդ դեպքում գործընթացները կարող են արագանալ։ Սակայն, այսօրվա դրությամբ, դրա հավանականությունը ես չեմ տեսնում։

 Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը